Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպը տեղի ունեցավ։
44-օրյա պատերազմում թոռանն ու որդուն կորցած մեծահասակ կինը՝ Մարիամ Ավագյանը, փորձում էր մոտենալ Նիկոլ Փաշինյանին՝ ձեռքին սև սրտաձև առարկայով, որպեսզի ինչ մտածում էր նրա մասին՝ ասեր, սակայն նրան հեռացրեցին ոստիկանները ու մի կողմ տարան։ Հետո լրագրողներից մեկի հետ զրույցում մեծահասակ կինն ասաց, որ իր երեխաները «երկու-երկու զոհվել են»՝ տղան զոհվել է, թոռն անհետ կորած է համարվում։
Ի դեպ, այդ ընթացքում, երբ կինը աղերսագին լացում էր, Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի մասնակից կանանցից մի քանիսը կարեկցելու փոխարեն՝ ասում էին. «Տեսնես ինչքա՞ն են վճարել»։
Պարզվեց, որ Մարիամ Ավագյանն Արսեն Ղուկասյանի մայրն է, ով 2020 թվականից պայքարում է, որպեսզի անհետ կորած եղբոր որդուն գտնեն։
168.am-ի հետ զրույցում Արսեն Ղուկասյանն ասաց, որ տանը չի եղել, միջադեպից հետո զանգահարել են իրեն, տուն է վերադարձել։
«Դե պարզ է, որ այդպես էլ պետք է լիներ, հո չէի՞ն թողնելու, որ մարդը մոտենար Նիկոլ Փաշինյանին ու իր ասելիքն ասեր։
Գուցե ձեռքի առարկայից էին վախենում, չգիտեմ՝ ինչից էին վախեցել։ Ասում են՝ երկու վախը մի մահ է, վախեցած մարդ է, ի՞նչ եք ուզում»,- նշեց Արսեն Ղուկասյանը։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ Հայաստանը ժողովրդավար պետություն է, հետևաբար՝ ժողովրդավար պետությունում ինչո՞ւ թույլ չտվեցին քաղաքացին արտահայտվի, Արսեն Ղուկասյանը պատասխանեց.
«Ո՞վ է նման բան ասում, ինչի դուք չգիտե՞ք, որ Նիկոլ Փաշինյանն աշխարհի համար մեկ սուտասանն է, ինչու սա մեզ համար նորությո՞ւն է։ Իսկի մեզ վայել էլ չէ նրա ասած խոսքերը մեկնաբանենք։ Ես վաղուց գիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ կարգի «մուտիլովշիկ» է, նրա ասածներին ի՞նչ մեկնաբանություն տաս, է»։
Նա դժվարացավ ասել՝ Նիկոլ Փաշինյանի թիմում տեղյա՞կ են եղել, որ կինն իր մայրն է, թե՞ ոչ։
«Ես տանը չեմ եղել, ինձ զանգահարեցին ու ասացին, որ այսպիսի վիճակ է, եկա բակ, մտածեցի՝ հնարավոր է դեռ այստեղ լինեն, բայց այստեղ չէին, գնացել էին»,- ընդգծեց Արսեն Ղուկասյանը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանի եղբայրը՝ Արման Ղուկասյանը, զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ եղբոր որդին՝ ժամկետային զինծառայող Սարգիս Ղուկասյանը, մինչ օրս համարվում է անհայտ կորած։