Կողմերը դրական են գնահատել բանակցությունները: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը նշել է, որ բանակցություններն «իսկապես կառուցողական են անցել»։ Իսկ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունները հանգամանալից էին և արդյունավետ, սակայն դեռ զգալի աշխատանք կա անելու։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ կողմերը պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել: Կիևում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զելենսկին հերքել է ռուսական մամուլում տարածված այն լուրերը, թե Մոսկվան պահանջում է, որ Դոնբասը ռուսական ճանաչեն բոլոր երկրները: Զելենսկին հայտարարել է, որ դա ոչինչ չի տա, և ոչ բոլոր երկրները նման փաստաթուղթ կստորագրեն:
Չնայած ընթացող բանակցություններին՝ փոխադարձ հարվածները շարունակվում են: Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 180 անօդաչու: Մոսկվայից հայտնել են ուկրաինական 95 անօդաչու խոցելու մասին: Ուկրաինայում կան վիրավորներ, Ռուսաստանում՝ 1 զոհ: