«Միջին միջանցքը» և «Զանգեզուրի միջանցքը» որպես եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի լրացուցիչ տարրեր դիտարկելով՝ Ադրբեջանը ձգտում է ամրապնդել իր դերը որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական լոգիստիկ կենտրոն, միաժամանակ խթանելով տարածաշրջանային կայունությունը, տնտեսական աճը և Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոսքով, երկրի ժամանակակից ենթակառուցվածքները՝ երկաթուղային ցանցը, Կասպից ծովի նավահանգիստները և ազատ տնտեսական գոտիները, արդեն ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում տարածաշրջանային կապի ապահովման գործում. «Ադրբեջանը հաստատվել է որպես հուսալի և կայուն տարանցիկ գործընկեր՝ նպաստելով գլոբալ մատակարարման շղթաների կայունությանը և դիվերսիֆիկացիային»։
Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը «Միջին միջանցքը» դիրքավորում է որպես ռազմավարական, մրցունակ և անվտանգ երթուղի, որը Չինաստանը կապում է Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի, Հարավային Կովկասի, ապա Թուրքիայի միջոցով դեպի Եվրոպա։
«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքը բացել է նոր տրանսպորտային և տնտեսական հնարավորություններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում մաքսային և տարանցիկ ընթացակարգերի թվայնացմանը», – ընդգծել է նա։
Ադրբեջանցի նախարարը հավելել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնումը, որը ֆինանսավորվում է ադրբեջանական ներդրումներով, ավարտվել է 2025 թվականին՝ դրա թողունակությունը հասցնելով տարեկան 5 միլիոն տոննայի։ Ավելին, նախատեսվում է Ալաթ միջազգային ծովային առևտրային նավահանգստի թողունակությունը տարեկան 15-ից հասցնել 25 միլիոն տոննայի։
«Միջին միջանցքը հուսալի և անվտանգ երթուղի է, որը Չինաստանը և Կենտրոնական Ասիան կապում է Եվրոպայի հետ՝ Ադրբեջանի միջոցով: 2022 թվականից ի վեր Միջին միջանցքով բեռնափոխադրումները աճել են գրեթե 90%-ով: Այս միջանցքով բեռնափոխադրման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Օրինակ՝ Չինաստանի Սիան քաղաքից Բաքու ժամանող բլոկ-գնացքը 12 օրից պակաս ժամանակում հստակ ցույց է տալիս Միջին միջանցքի արդյունավետությունը», – ընդգծել է նախարարը:
Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ կապելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունների հետագա ընդլայնմանը:
Նա կարծում է, որ մոտ ապագայում այս երթուղին («Զանգեզուրի միջանցքը»- խմբ.) կդառնա Միջին միջանցքի ևս մեկ կարևոր հատված՝ ամրապնդելով խաղաղությունը և բազմակողմ գործընկերությունը և օգուտ բերելով տարածաշրջանի երկրներին:
«Ես վստահ եմ, որ մոտ ապագայում այս միջանցքը կդառնա Միջին միջանցքի ևս մեկ կարևոր հատված՝ ամրապնդելով խաղաղությունը և բազմակողմ գործընկերությունը և օգուտ բերելով Ադրբեջանի բոլոր հարևաններին՝ թե՛ մոտ, թե՛ հեռու՝ մեր սահմաններից արևելք, արևմուտք, հյուսիս և հարավ», – նշել է արտգործնախարարը: