Զելենսկի. Հայաստանին պետք է աջակցել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ»։

Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված ուղերձում Զելենսկին, մասնավորապես, նշել է.
«Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին՝ երկրի, որի ժողովուրդը միաակն է, որ իրավունք ունի որոշելու և կընտրի իր երկրի ապագան։ Եվ այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ։ Մեզ բոլորիս անհրաժեշտ է ավելի լուրջ մտածել անվտանգության մասին և ձեռնարկել ավելի շատ համատեղ քայլեր՝ որպեսզի քաղաքական գործընկերությունները գործեն, որպեսզի ժամանակակից պաշտպանական արտադրություն և պաշտպանության ժամանակակից հնարավորություններ գործարկվեն, իսկ տնտեսական կապերը լինեն հնարավորինս լայն ու դիվերսիֆիկացված։ Որպեսզի ոչ ոք կախված չլինի Ռուսաստանից և նրան  պետություններին շանտաժի ենթարկելու գործիքներ չտրամադրի։
Մենք շատ հուսով ենք, որ Եվրոպայի և առաջին հերթին Եվրոպական միության դիրքորոշումները կլինեն սկզբունքային, ամուր և ժամանակին։ Ոչ ոք չի կարող առանց աջակցության մնալ՝ Եվրոպան իրավունք չունի մի կողմում թողնել որևէ երկիր։ Հայաստանին պետք է աջակցել։ Մոլդովային պետք է աջակցել։ Բալթյան երկրներին։ Ադրբեջանին պետք է աջակցել։ Պետք է ճանապարհներ գտնել Վրաստանի ժողովրդին աջակցելու համար էլ՝ սա համաեվրոպական խնդիր է»։
Ուկրաինայի նախագահն իր ուղերձն ավարտել է հետևյալ խոսքերով.
«Ուզում եմ առանձին շնորհակալություն հայտնել Ադրբեջանին մեր երկրին էներգետիկ ոլորտում ցուցաբերած շոշափելի աջակցության համար։ Մենք Ադրբեջանի հետ փոխգործակցում ենք նաև անվտանգության ոլորտում՝ որպեսզի անվտանգության ոլորտում ուկրաինական փորձը և մեր մարտիկների գիտելիքները օգտակար լինեն մեր ընկերներին»։ 

Leave a comment