Քաղաքացուն հարվածած ոստիկանը ձերբակալվեց | Factor.TV

Հասարակություն

05.02.2026 | 18:42

Քաղաքացուն խոշտանգելու մասին տեսանյութի հրապարակվելուց երեք օր անց քրեական ոստիկան Հայկ Հակոբյանը ձերբակալվեց։

Հիշեցնենք՝ փետրվարի 3-ին լրագրող Սյուզի Բադոյանը տեսանյութ տարածեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարվածելով, նվաստացնելով և հայհոյելով փորձում քաղաքացուց ցուցմունք կորզել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերին։ Այս պահին իրավապահ մարմինները չեն մանրամասնում, թե ով է նկարահանել և տարածել խոշտանգման կադրերը։

Տեսանյութի հանրայնացումից հետո ՆԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ ոստիկանի լիազորությունները կասեցվել են։

Դեպքով երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 450 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով։ Արդեն այսօր ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր նախաձեռնվել, կայացվել ձերբակալման որոշում։

Ռոզա Վարդանյան

Leave a comment