«La Vie en Rose» խորագրով համերգ՝ ՀԲԸՄ կամերային նվագախմբի մասնակցությամբ
Մայիսի 30-ին Սոֆիայի Կենտրոնական ռազմական ակումբի մեծ դահլիճում տեղի ունեցավ «La Vie en Rose» խորագրով համերգը՝ ՀԲԸՄ կամերային նվագախմբի մասնակցությամբ։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Լևոն Մանուկյանը, մենակատարն էր Հակոբ Ղասաբյանը։
Միջոցառումը կազմակերպվել էր Սոֆիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Սոֆիայի քաղաքապետարանի աջակցությամբ՝ ՀԲԸՄ 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։
Լեփ-լեցուն դահլիճում հնչեցին հայկական և ֆրանսիական սիրված ստեղծագործություններ, ինչպես նաև Շառլ Ազնավուրի անմահ շանսոնները՝ որպես հարգանքի տուրք մեծ արտիստի 102-ամյակին։
Համերգի բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Դեսպանն իր խոսքում բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի 120-ամյա առաքելությունը՝ հայկական սփյուռքում ազգային ինքնության պահպանման, հայկական մշակույթի տարածման և հանրահռչակման գործում։
Դեսպանը երախտագիտություն հայտնեց ՀԲԸՄ Սոֆիայի պատվավոր նախագահ Սոնյա Ավագյանին՝ հատուկ կարևորելով ՀԲԸՄ Սոֆիայի անխոնջ ջանքերը հայ մշակույթի պահպանման գործում, որի ականատեսն է եղել անձամբ՝ իր ժամանումից ի վեր կազմակեպված բազմաթիվ մշակութային միջոցառումների տեսքով։ Դեսպանը վստահություն հայտնեց, որ կազմակերպության նորանշանակ նախագահ Անուշ Եզեգելյանը նույն եռանդով և պատվով կշարունակի այս հարուստ ժառանգությունը։
Դեսպանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՀԲԸՄ Սոֆիայի պատվավոր նախագահ Սոնյա Ավագյանին՝ առանձնահատուկ ընդգծելով, որ անձամբ ականատեսն է եղել այդ նվիրված աշխատանքի արդյունքներին՝ Բուլղարիա ժամանելուց ի վեր մասնակցելով ՀԲԸՄ Սոֆիայի նախաձեռնությամբ կազմակերպված բազմաթիվ մշակութային միջոցառումների։
Դեսպանը վստահություն հայտնեց, որ կազմակերպության ներկայիս նախագահ Անուշ Եզեգելյանը նույն նվիրումով, եռանդով և պատասխանատվությամբ կշարունակի ՀԲԸՄ Սոֆիայի հարուստ ավանդույթներն ու արժեքավոր ժառանգությունը՝ նպաստելով համայնքային և մշակութային կյանքի հետագա զարգացմանը։
Դեսպան Համբարձումյանը կարևորեց նաև վերջին շրջանում հայ-բուլղարական հարաբերություններում արձանագրված նշանակալի ձեռքբերումները, մասնավորապես՝ մայիսի 3-ին Բուլղարիայի Նախագահ Իլիանա Յոտովայի Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության հռչակագիրը, ինչպես նաև Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն ընդունված որոշումը՝ մայրաքաղաքի կենտրոնական Սրեդեց շրջանի Պեյո Յավորով թաղամասում «Հայաստան» ճեմուղի անվանակոչելու վերաբերյալ։
Դեսպանը խորին շնորհակալություն հայտնեց Բուլղարիայի կառավարությանը, ինչպես նաև Սրեդեց շրջանի քաղաքապետ Տրայչո Տրայկովին՝ այս կարևոր ձեռքբերումների կյանքի կոչման գործում ներդրած հետևողական և նվիրված ջանքերի համար։