Ռուբեն Վարդանյանի հիմնադրած նախաձեռնության շուրջ Տաթևում համախմբվել են բարեգործական կազմակերպություններ
Արդեն երրորդ տարին է՝ մայիսի վերջին շաբաթ օրը, Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ, Տաթևի ուխտագնացությունը համախմբում է հայկական բարեգործական, զարգացման և համայնքային մի շարք հեղինակավոր կառույցների, ուխտավորների և հոգևորականների՝ աղոթքի, հոգևոր նորոգման, հիշողության և բարի գործի շուրջ։
Նախաձեռնությունը մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության կողմից և ձևավորվել որպես համագործակցության հարթակ, որտեղ հոգևոր ճանապարհը շարունակվում է համայնքին, Սյունիքին և մարդկանց ուղղված գործնական աջակցությամբ։
Տաթևի ուխտագնացության շուրջ համախմբված կառույցներն են՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, ՀԲԸՄ-ը, Թուֆենկյան հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը, Հայ օգնության միությունը (ՀՕՄ), «Օրրան» բարեգործական ՀԿ-ն, Տաթևի համայնքապետարանը, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամը (Armenia Tree Project), Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը, IDeA հիմնադրամը, «ՏաԹևեր» ճոպանուղին և «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը։
Այս տարի ուխտագնացությունն անցկացվեց «Ճանապարհ դեպի հավատ, միասնություն և արարում» խորագրով։ Ուխտավորները դեպի Տաթև շարժվեցին երեք տարբեր երթուղիներով՝ խոնարհվելով Սյունիքի սրբավայրերում՝ Որոտնավանքում, Սվարանցի Հազարափրկիչ և Հին Հալիձորի Սուրբ Մինաս եկեղեցիներում։
Բոլոր ուխտավորները միավորվեցին Տաթևի Սուրբ Պողոս–Պետրոս տաճարում, որտեղ կատարվեց միասնական աղոթք՝ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ։ Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ պատերազմներում զոհվածների հոգիների հանգստության, Ադրբեջանում պահվող հայ գերիների շուտափույթ ազատության և հոգևոր արժեքների շուրջ համախմբման համար։
«Մեր ազգի բարերարներից մեկը գերության մեջ է, մեր ամբողջ էլիտան գերության մեջ է մեր անհավատության ու անտարբերության պատճառով։ Մեկս մյուսին չսիրելու արդյունքում ամեն ինչ կորցրել ենք և կորցնելու ենք, եթե ուշքի չգանք և չսթափվենք։ Առաջնային է բոլորիս համար, որ աղոթենք մեր միասնականության համար, մեր ամբողջականության համար, որովհետև որքան սևերի և սպիտակների բաժանվենք, այնքան կործանվելու ենք»,– նշեց Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
Ուխտագնացության համակազմակերպիչները կարևորեցին միասնության գաղափարը՝ ընդգծելով, որ Տաթևի շուրջ ձևավորված համագործակցությունը ոչ միայն հոգևոր, այլև համազգային նշանակություն ունի։
«Միությունը զորություն է, և մենք բոլորս պետք է միասին աշխատենք մեր ցանկացած արդյունքի ուղղությամբ՝ ունենալու հզոր Հայաստան, Սփյուռքի և Հայաստանի միջև հզոր կապեր ստեղծելու կամ ամրապնդելու համար»,– ասաց ուխտագնացության համակազմակերպիչ, ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը։
«15 բարեսիրական կազմակերպություն միացավ այս ուխտագնացությանը, որպեսզի մեր ժողովուրդը միավորվի, աստվածավախությունն ավելի շեշտվի նրանց մեջ, և նրանք նվիրվեն հայրենիքի պաշտպանությանն ու հզորացմանը՝ ինչ դժվարության էլ հանդիպեն»,– նշեց ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը։
«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ «Այս ուխտագնացությունը ցույց է տալիս, որ երբ մարդիկ և կազմակերպությունները միավորվում են ընդհանուր արժեքների շուրջ, աղոթքը կարող է վերածվել գործողության, իսկ հիշողությունը՝ ապագա կերտելու ուժի»։
Թուֆենկյան հիմնադրամի ծրագրով Սվարանցում կառուցվող նոր թաղամաս ուխտավորների այցելությունը ցույց տվեց, թե ինչպես է սրբավայրի կողքին ձևավորվում նոր կյանք։
«Կարծում եմ, որ գյուղը նոր շունչ կստանա արցախցիների վերաբնակեցումից, որովհետև հնարավորություն կլինի գյուղում պահպանել և՛ դպրոցը, և՛ իրականացնել տարբեր սոցիալ-տնտեսական ծրագրեր»,– ընդգծեց Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Ոսկայնյանը։
Ուխտագնացությունը նաև Արցախի հոգևոր ժառանգության մասին բարձրաձայնելու առիթ էր։ Մասնակիցները կրում էին Արցախի սրբավայրերի պատկերներով շապիկներ՝ ընդգծելով դրանց պաշտպանության հրատապ անհրաժեշտությունը։
«Տաթևի այս ուխտագնացությունը մեզ համար նաև աղոթք էր Արցախի սրբավայրերի համար և կոչ՝ չմոռանալ ու պաշտպանել մեր հոգևոր ժառանգությունը»,– ասաց ուխտագնացությանը մասնակցած արցախցի Արմեն Մաղաքելյանը։
Յուրաքանչյուր տարի ուխտագնացությունն ունենում է համայնքին աջակցելու որևէ նախագիծ։ Այս տարի ուխտագնացության համայնքային նպատակը Տաթևի երեխաների համար «Կենդանի փեթակ» կրթական խաղահրապարակի ստեղծումն է։
Մանրամասները՝ pilgrimage2tatev.am
Հարցազրույցներ՝
- Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյան
- «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյան
- ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյան
- ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյան
- «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյան
- Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արամ Ոսկայնյան։