Քաղաքացիները կարո՞ղ են հետ ստանալ «կարմիր գծերի» համար վճարված գումարները․ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը

Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Երևանի ավագանու բողոքը, որը վերաբերում էր վճարովի ավտոկայանատեղիների՝ «կարմիր գծերի» թանկացմանը։ Այսպիսով՝ ուժի մեջ է մտել Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր են ճանաչվել ավագանու՝ կայանման վճարների բարձրացմանը վերաբերող դրույթները։

Գործով ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, սահմանադրական և վարչական իրավունքների մասնագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքում գրել է․

«Այլևս անփոփոխելի ու անբեկանելի փաստ է, որ 2025թ Երևանի քաղաքապետարանը և իշխող քաղաքական ուժը ոչ իրավաչափորեն է թանկացրել ավտոկայանատեղիների (կարմիր և կապույտ գծերի) վճարը` հակաիրավական ճանապարհով գանձելով հսկայական գումարներ։ Ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում քաղաքացիների կրած վնասները օրենքով սահմանված կարգով ենթակա են փոխհատուցման»։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը, մինչդեռ, գրառմամբ պնդել է, թե իրավական հիմք չունեն այն տեղեկությունները, թե վարորդները կարող են դիմել քաղաքապետարան և պահանջել գումարների վերադարձ։

Նշենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցությունը Վարչական դատարանում վիճարկել էր ավագանու այն որոշումները, որոնցով 2024 և 2025 թվականներին 13 անգամ թանկացել էին վճարովի կայանատեղիների սակագները։ Արդյունքում մայրաքաղաքի կենտրոնում կարմիր գծերում կայանելու տարեկան վճարը 12,000 դրամից դարձել էր 160,000 դրամ։

Վարչական դատարանը երկու դեպքում էլ անվավեր է ճանաչել գների բարձրացումը՝ պատճառաբանելով, որ կայանման վճարն օրենքով չի կարող գերազանցել ծառայության կազմակերպման փաստացի ծախսերը: Բացի այդ, դատարանը արձանագրել է, որ տեղական վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել փողոցների բեռնաթափման նպատակով։

Վահե Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում, անդրադառնալով քաղաքապետի մամուլի քարտուղարի գրառմանը, ասաց:

«Եթե քաղաքացիներից ներողություն խնդրելու և ոչ իրավաչափ վարչարարության հետևանքները սեփական նախաձեռնությամբ վերացնելու փոխարեն որոշել են արհամարհական վերաբերմունք դրսևորել դատարանի ակտերի նկատմամբ, ապա ստիպված կլինենք հերթական անգամ իրավաբանական գիտելիքների վերաբերյալ սեմինարներ կազմակերպել»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ դատական բոլոր ատյանները մերժել են նաև քաղաքապետարանի այն պնդումը, թե կարող էին առանց ավագանու համապատասխան որոշման հանդես գալ որպես գործի ներկայացուցիչ։

«Մենք, ի սկզբանե, պնդում էինք, որ թանկացումը ոչ իրավաչափ է։ Դա արդեն ամրագրված է Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգի անբողոքարկելի դատական ակտերով։ Նորմատիվ իրավական ակտը ճանաչվել է ոչ իրավաչափ»,- ընդգծեց Գրիգորյանը։

Նա նաև հավելեց, որ իրավական պետությունում դատական ակտերը չեն կարող անհետևանք մնալ, և անթույլատրելի է, որ քաղաքացիներից ոչ իրավաչափ ճանաչված նորմատիվ իրավական ակտի հիման վրա գանձված գումարների հարցը որևէ հետևանք չունենա։

Հարցին, թե գործնականում ինչ պետք է անեն քաղաքացիները, Վահե Գրիգորյանը պատասխանեց․ «Դիմեն Երևանի քաղաքապետարան, իսկ մերժում ստանալու դեպքում՝ դատարան»։

 

Արփի Հակոբյան

Leave a comment