Երբ սրբազաններն անազատության մեջ են, մենք բոլորս ենք վնասվում. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Շատերը պնդում են, թե Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ՝ մոլորեցնելով ժողովրդին։ Մենք մշտապես ասել ենք և կրկնում ենք, որ Հայ Առաքելական եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, սակայն չի կարող լռել, երբ տեսնում է, որ երկրում անօրինություն է կատարվում։ Այս մասին ԱԺ-ի դիմաց անցկացվող «Ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների» բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը։

«Այսօր թե՛ Բաքվում, թե՛ Հայաստանում բազմաթիվ մարդիկ առանց որևէ իրավական հիմքի զրկված են իրենց ընտանիքներից, աշխատանքից ու ծառայությունից։ Հայոց պատմության մեջ աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ մեր եկեղեցու չորս սրբազան հայրեր գտնվում են բանտերում։ Նրանք մարդիկ են, ովքեր ամեն օր իրենց ծառայությամբ նպաստում են հայ մարդու հոգևոր, մտավոր և հասարակական առողջ կյանքի բարեկարգմանն ու զարգացմանը»,- նշեց տեր Փառենը։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով են հավաքվել ԱԺ-ի դիմաց՝ որպես Աստծո զավակներ իրենց ձայնը բարձրացնելու համար, որպեսզի անազատության մեջ գտնվող թե՛ սրբազան հայրերը, թե՛ ապօրինաբար կալանավորված մյուս անձինք կարողանան կրկին վայելել ազատությունը։

«Մեր սրբազաններն ամեն օր բանտում աղոթում են մեզ համար, բայց երբ նրանք անազատության մեջ են, իրականում մենք բոլորս ենք վնասվում»,- ընդգծեց նա։

Տեր Հայրը հավելեց, որ անհրաժեշտ է բարձրաձայնել տեղի ունեցողի մասին, որպեսզի մարդու հիմնարար իրավունքը՝ ազատությունը, վերականգնվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment