Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն երկու պետությունների սկզբունքի իրագործման և Գազայի հումանիտար ճգնաժամի հաղթահարման դեպքում։
Այս մասին Ֆիդանը հայտնել է ճապոնական Nikkei գործարար պարբերականին տված հարցազրույցում։
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմաններն են երկու պետությունների ստեղծման վերաբերյալ որոշումը և Գազայում հումանիտար ճգնաժամի դադարեցումը։ Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների սպանությունները և չխոչընդոտի Գազայի բնակիչների հասանելիությանը առաջին անհրաժեշտության պարագաներին՝ սննդին, կացարանին, դեղորայքին և ջրին»,-նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ եթե այդ պայմանները կատարվեն, ապա Թուրքիան պատրաստ կլինի վերադառնալ Իսրայելի հետ բնականոն հարաբերությունների և համագործակցության։
«Եթե այս պայմաններն իրականացվեն, մենք կկարողանանք վերադառնալ բնականոն կյանքին և համագործակցությանը։ Մենք ցանկանում ենք հասնել երկու պետությունների ստեղծման վերաբերյալ լուծման»,-ընդգծել է Ֆիդանը։