Պակիստանը բացել է սահմանները Իրանի համար՝ առաջարկելով ավելի էժան լոգիստիկ լուծումներ

Պակիստանը լիովին բացել է Իրանի հետ սահմանային անցակետերը՝ նպաստելով Թեհրանի արտաքին առևտրի և բեռնափոխադրումների շարունակականությանը։ Այս մասին հայտնում են իրանական աղբյուրները։

Նրանց տվյալներով՝ Իսլամաբադը աստիճանաբար փոխարինում է Միացյալ Արաբական Էմիրություններին՝ որպես Իրանի համար ներմուծման և տարանցման հիմնական հարթակ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Պակիստանի տարածքով ապրանքների տեղափոխումը դեպի իրանա-պակիստանյան սահման տևում է ընդամենը 2-3 ժամ, ինչը զգալիորեն արագացնում է մատակարարումները։

Բացի այդ, ավելի կարճ աշխարհագրական հեռավորության շնորհիվ ընդհանուր տրանսպորտային և լոգիստիկ ծախսերը նվազում են 45-55 տոկոսով՝ համեմատած Դուբայի միջոցով իրականացվող ծովային երթուղիների հետ։

Նշվում է նաև, որ Պակիստանը 40 տոկոս զեղչ է տրամադրում բեռնարկղերի մշակման ծառայությունների համար, ինչպես նաև 25 տոկոսով նվազեցրել է նավահանգստային վճարները՝ ներմուծվող բեռների արժեքը նվազեցնելու նպատակով։

Այս քայլերը կարող են էականորեն մեծացնել Պակիստանի դերը տարածաշրջանային առևտրային և լոգիստիկ շղթաներում՝ միաժամանակ ընդլայնելով Իրանի այլընտրանքային մատակարարման ուղիները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment