Լեհաստանի վարչապետը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամներին լուրջ վերաբերվել Մեդվեդեւի ուղերձին

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ քաղաքացիների «հանգիստ քունն ավարտվել է», պետք է լուրջ ընդունվի ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից, գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X սոցիալական ցանցում։

«Երեկ Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ ԵՄ քաղաքացիների «հանգիստ քունն ավարտվել է»։ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները վերջապես պետք է սկսեն լուրջ վերաբերվել այս փաստերին ու խոսքերին», – գրել է Լեհաստանի վարչապետը՝ հղում անելով Լեհաստանում, Բալթյան երկրներում և Ռումինիայում անօդաչու թռչող սարքերի միջադեպերին։

Նախորդ օրը Մեդվեդեւն X-ում գրել էր, որ ԵՄ կառավարությունները «միակողմանիորեն պատերազմի մեջ են մտել Ռուսաստանի հետ», և եվրոպացիները «պետք է հասկանան դա»։ «Զգոն եղեք և ոչնչից մի զարմացեք։ Ձեր քունն ավարտվել է։ Բայց դուք գիտեք, թե ում հարցնել՝ ինչու», – դիմել է Անվտանգության խորհրդի փոխնախագահը եվրոպացի քաղաքացիներին։

Նույն օրը Մեդվեդեւը գրառում էր հրապարակել իր Max ալիքում՝ նաև նշել, որ եվրոպացի քաղաքացիները «չեն կարողանա հանգիստ քնել»։ Սակայն գրառման բովանդակությունը տարբեր է եղել. «Եվրոպական պետությունները Ռուսաստանի հետ պատերազմի անմիջական մասնակիցներ են, և դա այլևս ոչ ոք չի վիճարկում։ <...> Հետևաբար, թող իրենք պատրաստվեն. սա շարունակվելու է։ Պատերազմ կա։ Եվ ԵՄ պետությունների քաղաքացիները, որպես պատերազմող երկրների բնակչություն, չեն կարողանա հանգիստ քնել», – գրել էր ՌԴ նախկին նախագահը։

Leave a comment