Ծաղկունքում 48-ամյա տղամարդը սպանել է ազգականին

Հասարակություն

30.05.2026 | 14:35

Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ։ Ըստ ՆԳՆ-ի՝ 48-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել և կյանքից զրկել է 62-ամյա ազգականին, ապա ձերբակալվել ոստիկանության կողմից։ Դեպքի հանգամանքները պարզվում են, ընթանում է նախաքննություն։

«Մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։  Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և  անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով  ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:

Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-այմա տղամարդուն:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment