Ապրիլի սկզբին Իրանի վրայով խոցված F-15E կործանիչը, որը ԱՄՆ-ին դրդել էր փրկարարական գործողություն սկսել, ենթադրաբար խոցվել էր չինական արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգով (MANPADS), հայտնել է «NBC News»-ը՝ հղում անելով երեք տեղեկացված աղբյուրների։
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաները դեռևս հետաքննում են կործանիչի կործանման հանգամանքները: Սա տասնամյակների ընթացքում առաջին դեպքն է, երբ թշնամու կրակը ոչնչացրել է այս դասի ամերիկյան մարտական ինքնաթիռ։
Աղբյուրը և ամերիկացի պաշտոնյան հայտնել են, որ հակամարտության սկզբում Չինաստանը, ենթադրաբար, Իրանին է փոխանցել նաև հեռահար ռադար, որը կարող է հայտնաբերել գաղտնի ինքնաթիռներ։
Ցանցի աղբյուրների համաձայն՝ դեռևս հայտնի չէ, թե արդյոք MANPADS հրթիռը վերջերս է մատակարարվել Իրանին, թե մի քանի տարի առաջ մատակարարված զինանոցի մաս է կազմում: Պարզ չէ, թե արդյոք չինական YLC-8B ռադարը մասնակցել է մարտերին։
Ի պատասխան խոցված F-15 կործանիչի վերաբերյալ հեռուստաընկերության հարցին՝ Չինաստանի դեսպանատան խոսնակը նշել է. «Չինաստանը միշտ գործում է խոհեմ և պատասխանատու կերպով ռազմական արտահանման հարցում և իրականացնում է խիստ վերահսկողություն՝ համաձայն Չինաստանի արտահանման վերահսկողության օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև համապատասխան միջազգային պարտավորությունների: Չինաստանը դեմ է անհիմն զրպարտություններին ու չարամիտ կապերին»:
Բանակցություններին ծանոթ ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ-ն լիովին գիտակցում է Չինաստանի կողմից Իրանին ցուցաբերվող աջակցությունը: Նա նշել է, որ Պեկինը Թեհրանին օգնել է պատերազմից առաջ, բայց հակամարտության ընթացքում նրա օգնությունը էականորեն չի ազդել դրա վրա: «Դա էական աջակցություն չէր: Այն վճռորոշ գործառնական ազդեցություն չի ունեցել», – ասել է նա: