Որոշում է կայացվել ձերբակալել քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանին
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Որոշում է կայացվել ձերբակալել քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ կասկածվող ոստիկանին։
Հիշեցնենք, որ համացանցում մեծ արձագանք է ստացել լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակած տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը բռնություն գործադրում քաղաքացու նկատմամբ։ ՆԳՆ-ից արձագանքել էին տեսանյութին՝ նշելով, որ տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են և նշանակվել է ծառայողական քննություն։
Այսօր Գլխավոր դատախազությունից «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ 04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով:
Քննչական կոմիտեից էլ «Նովոստի–Արմենիա»–ին հայտնեցին, որ Հայկ Հակոբյանը ձերբակալվել է։
ՔԿ–ից, մասնավորապես, հայտնեցին, որ առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը՝ պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը` այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով):
Որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին: Նախաքննությունը շարունակվում է: