Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին․ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ նիստին

Հայաստանը մտադիր է շարունակել ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ աշխատանքներին․ Մհեր Գրիգորյանը ԵԱՏՄ նիստին (տեսանյութ)

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ելույթ է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ հյուրընկալության և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար։

Նա նշել է, որ ընթացիկ տարվա առաջին նիստն անցկացվում է խորհրդանշական օրը՝ Եվրասիական տնտեսական միության օրը, և բոլոր ներկաներին մաղթել է հաջողություններ, արդյունավետ ու կառուցողական համատեղ աշխատանք։ Միաժամանակ վստահություն է հայտնել, որ եվրասիական ինտեգրումը կշարունակի զարգանալ՝ ի շահ անդամ պետությունների և նրանց քաղաքացիների։

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ հանուն տնտեսական կայունության և անդամ երկրների ու տարածաշրջանի տնտեսությունների կայուն զարգացման։

«Հայաստանի Հանրապետությունը մտադիր է հետագայում ևս բարեխղճորեն մասնակցել միության աշխատանքներին՝ փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների ազգային շահերի հաշվառման հիման վրա»,- ասել է նա։

Փոխվարչապետը նաև կարևորել է Եվրասիական տնտեսական ֆորումի թեմատիկան՝ նշելով, որ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումն ու ներդրումը դառնում են երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման առանցքային գործոններից մեկը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է անդամ պետությունների միջև համագործակցության համաձայնեցված մոտեցումների և արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։

Գրիգորյանը նշել է նաև, որ ծառայությունների առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ շրջանակում տնտեսական ինտեգրման խորացման գլխավոր շարժիչներից մեկը։ Միաժամանակ, ըստ նրա, ազգային կարգավորման առանձին ասպեկտներ դեռևս պահանջում են ավելի գործնական համաձայնեցում, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների փոխգործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար առավել բարենպաստ պայմանների ձևավորման համար։

Ելույթում նա կարևորել է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով ազատ առևտրի գործող համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցային գործընթացի առաջմղման անհրաժեշտությունը։

Գրիգորյանի խոսքով՝ այս ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից է նաև տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումը, որը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։

Նա նշել է, որ Հայաստանը կարևորում է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը և ողջունում է կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմը ագրոարդյունաբերական ոլորտի վրա տարածելու մասին արձանագրության ստորագրումը, ինչը կնպաստի համագործակցության ընդլայնմանը և պարենային անվտանգության ամրապնդմանը միության շրջանակում։

Եզրափակելով՝ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ և կառուցողական աշխատանքի համար։

Leave a comment