Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը պաշտոնական այցով ժամանել է Վաշինգտոն։ Այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ Դարին ԱՄՆ-ում դիմավորել են Պակիստանի դեսպան Ռիզվան Սաիդ Շեյխը և դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցները։
Հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսվում է Դարի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։
Պակիստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ պաշտոնական միջոցառումների ավարտից հետո Դարը նույն օրը կվերադառնա Իսլամաբադ։