Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւն այսօր ասել է, որ Աստանայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովի ժամանակ «Հայաստանի հարցը կքննարկվի բարեկամական մթնոլորտում»:
«Հայաստանի՝ Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի նկատմամբ մտադրությունների հարցը սկզբունքային նշանակություն ունի։ Սկզբունքային է՝ Երեւանը ընտրում է ԵԱՏՄ-ն, թե Եվրամիությունը։ ԵՄ-ին անդամակցելը չափազանց երկար պատմություն է․ բազմաթիվ երկրներ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, գործընթացը տարիներով է ձգվում, իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից այսօր հնարավոր չէ երես թեքել»,- ասել է Սերգեյ Լեբեդեւը:
Նա նշել է, որ ԵԱՏՄ կարեւորությունը գիտակցում են նաեւ Հայաստանում.
«Այդ պատճառով էլ հիմա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները խզելու մտադրություն չկա, ինչի մասին հայտարարել են թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե բազմաթիվ այլ գործիչներ։ Հետեւաբար՝ համագործակցությունը կշարունակվի»: