Իրանի Իսլամական Հանրապետության Միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղար Ջալալ Դեհղանի Ֆիրուզաբադին հայտարարել է, որ ներկայիս պայմաններում Իրանը պետք է վերահսկողություն սահմանի Հորմուզի նեղուցի նկատմամբ։
ISNA գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ «այս նոր ռազմավարական գործիքն այժմ Իրանի հզորության բաղադրիչներից մեկն է»։
Ֆիրուզաբադին ընդգծել է, որ Թեհրանը պետք է հավասարակշռություն գտնի ազգային անվտանգության և Հորմուզի նեղուցով միջազգային ազատ նավագնացության միջև։ Նրա խոսքով՝ այդ ջրային ուղու իրավական ապագան որոշում են Իրանը և Օմանը։
Խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող բանակցությունների մասին՝ իրանցի պաշտոնյան Չինաստանին անվանել է «հնարավոր փոխըմբռնման երաշխավոր»։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխըմբռնումը գերադասում է հետագա էսկալացիայից։
Ֆիրուզաբադին բանակցությունները բնութագրել է որպես չափազանց բարդ՝ ընդգծելով, որ քննարկվող հարցերը բազմաշերտ և համալիր բնույթ ունեն։ Նրա կարծիքով՝ Իրանը պետք է ուժեղացնի այն իրավաբանական թիմը, որն աջակցում է բանակցողներին։