Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատավճիռները։
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ադրբեջանական APA գործակալությունը։
Նշվում է, որ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին և արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին։
Դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին։
Որոշումը պայմանավորված է նրանով, որ դատարանի վերջնական որոշման կայացման պահին լրացել է նրանց 65 տարին, իսկ Ադրբեջանի օրենսդրությամբ արգելված է 65 տարին լրացած անձանց նկատմամբ կիրառել ցմահ ազատազրկում։
Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը Ադրբեջանը մեղադրում է մի քանի տասնյակ շինծու հոդվածներով՝ պատերազմ ծրագրելու և իրականացնելու, ապօրինի վերաբնակեցման և այլն:
Բաքվի հայ գերիների մասին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան։