«Հրապարակ» թերթը գրում է․
Ամենեւին չէինք չափազանցրել՝ գրելով, որ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին՝ նախընտրական բուկլետ բաժանողներին, որոնց նախապես այդ աշխատանքի համար խոստանալով 200-250 հազար դրամ, այնուհետեւ նոր պարտականություններ էին սահմանել` կրկնակի այցեր կատարել այն բնակարանները, որոնք առաջին անգամ փակ են եղել, հետո՝ մասնակցել ՔՊ-ի քարոզարշավներին, քայլել Փաշինյանի հետեւից՝ մասսովկայի համար, հիմա էլ հավելյալ նոր աշխատանք են ավելացրել․ այն քաղաքացիներին, որոնք ընդունել են ՔՊ-ի բուկլետները եւ դուռը չեն փակել քարոզիչների վրա, կրկին պետք է այցելել, այս անգամ նոր հարցաթերթիկ է պետք դեմ տալ, որպեսզի քաղաքացին գրի, թե ինչ է ակնկալում իշխող ուժից՝ վերընտրության դեպքում։
Կարելի է կարծել, թե ՔՊ-ն կարեւորում է ընտրողների կարծիքը, ամրապնդում նրանց հետ կապը, սակայն իրենք՝ վարձկանները, կասկածներ ունեն, որ ամեն օր նոր պարտականություն ավելացնելով՝ գուցե փորձում են իրենց զզվեցնել, որ հրաժարվեն առանց այն էլ անպատվաբեր գործից եւ ստանալիք գումարի կեսից, որն իրենց հասանելի պետք է դառնա աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո։
«Հրապարակ» թերթը գրում է․
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։
Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։
Մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների՝ Տաշիրում անցկացրած հանրահավաքն աննախադեպ մարդաշատ էր, ինչը ցույց տվեց, որ մարդիկ այլեւս չեն վախենում իշխանության բռնոցիներից։