Նորվեգիան միանում է Ֆրանսիայի միջուկային հովանոցին

Քաղաքականություն

28.05.2026 | 16:25

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են պաշտպանական համաձայնագիր, որը, ի թիվս այլ բաների, նախատեսում է Նորվեգիայի միացում Ֆրանսիայի միջուկային զսպման նախաձեռնությանը, հաղորդում է Reuters-ը։

Այս նախաձեռնության շրջանակում եվրոպական երկրները կկարողանան իրենց տարածքում տեղակայել ֆրանսիական միջուկային զենքով ինքնաթիռներ։ «Միջուկային հովանոց» նախագծին նախկինում միացել է ութ երկիր՝ Բելգիան, Գերմանիան, Հունաստանը, Դանիան, Նիդերլանդները, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, որն ունի իր սեփական միջուկային զենքը, գրում է Meduza-ն։

Մակրոնն առաջին անգամ Ֆրանսիայի (միակ ԵՄ երկիրը, որը միջուկային զենք ունի) հովանու ներքո եվրոպական «միջուկային հովանոց» նախագծի մասին հայտարարել էր 2025 թվականի մարտին։ Մեկ տարի անց Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ Փարիզը կավելացնի միջուկային մարտագլխիկների քանակը և այլևս հաշվետվություն չի տա իր զինանոցի չափի մասին։

Մակրոնն ընդգծել է, որ ֆրանսիական միջուկային դոկտրինը կպահպանի իր հիմնարար սկզբունքները (խիստ պաշտպանական բնույթ, միջուկային պատերազմից հրաժարում և սովորական ու միջուկային զենքերի միջև տարբերակում), բայց հիմա ԵՄ մյուս երկրները  կմասնակցեն զսպման ռազմավարությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment