Հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը

Հանձնաժողովում բացասական եզրակացություն է ստացել «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետությունում առկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախորդ տարվա նոյեմբերին քննարկվել էր եւ լրամշակելու նպատակով հեղինակի առաջարկով նախաձեռնության քվեարկությունը հետաձգվել էր: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: 

Հիմնական զեկուցող Էլինար Վարդանյանը նշել է, որ այդ ընթացքում խորհրդարանական լսումներ են կազմակերպվել, որոնց արդյունքում որոշ լրամշակումներ են կատարվել: Հայտարարության նախագծում անմեղության կանխավարկածի մատնանշման առումով նշվել է, թե ԵԽԽՎ 1900 բանաձեւով ինչ չափանիշներ են խախտվել: «Ելնելով վերագրյալով՝ աներկբա արձանագրում ենք, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ անմեղության կանխավարկածի բացահայտ ոտնահարման պայմաններում զրկվել են ազատությունից կամ հետապնդվում են ոչ թե հանցանքի, այլ իրենց գաղափարների, իրենց խոսքի եւ դիրքորոշման համար, որոնց առնչությամբ առկա է խտրական եւ տարբերակված մոտեցում: Այստեղ անմեղության կանխավարկածին է հղում արվում»,- նշել է Էլինար Վարդանյանն ու հավելել, որ եզրափակիչ մասում նշվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից արձանագրվող եւ փաստվող հանգամանքները: Ըստ պատգամավորի՝ ավելացվել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու առանձին դրույթ:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ փաստել է, որ Հայաստանը ԵԽԽՎ-ի կողմից մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, եւ պարբերաբար ԵԽԽՎ-ն Հայաստանի ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ հրապարակումներ է անում, այնտեղ չի հիշատակվում քաղբանտարկյալների որեւէ թեմա:

Խոսելով նման հայտարարության նախագիծ ներկայացնելու շարժառիթի մասին՝ Վլադիմիր Վարդանյանն այն պայմանավորել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության կողմից խորհրդարանական լսումներ կազմակերպելու հնարավորությամբ, ինչը եւ արվել է: «Պետք է հնարավորություն տանք, որ խմբակցությունն առանց ԱԺ նախագիծ ներկայացնելու համապատասխան լսումներ անցկացնելու հնարավորություն ունենա, որ արհեստականորեն չծանրաբեռնենք ԱԺ-ի օրակարգը եւ խմբակցությանը չդնենք վատ դրության մեջ»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահն ու նշել, որ նախագիծը զուրկ է իրավական որոշակիությունից:

Քվեարկության արդյունքում հայտարարության լրաշմակված նախագիծն արժանացել է հանձնաժողովի բացասական եզրակացությանը:

Leave a comment