Հայաստանը վերականգնելու է ուժեղ պետականությունը։ Ոնենալու ենք պետություն, որտեղ ազգային խորհրդանիշները ծառայելու են ոչ թե իշխանության վարկանիշին, այլ հայկական պետականության ամրապնդմանը․ Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 

Մայիսի 28-ը պետական կամքի, ինքնիշխանության և ազգային արժանապատվության վերածննդի օրն է։
1918 թվականին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը՝ ցեղասպանությունից, քայքայումից և պատերազմից հետո։ Պետությունը ստեղծվեց ոչ թե շնորհիվ, այլ հակառակ բոլոր հանգամանքների։

Սա է մայիսի 28-ի իրական խորհուրդը՝ պետություն կառուցել նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է՝ ամեն ինչ կորած է։
Այսօր, ցավոք, հաճախ փորձում են պետական տոները վերածել ձևական միջոցառումների, գեղեցիկ կադրերի և քաղաքական PR-ի։

Բայց պետությունը չի կառուցվում բեմադրություններով։ Պետությունը կառուցվում է պատասխանատվությամբ, ուժեղ ինստիտուտներով, ազգային արժանապատվությամբ, ազգային արժեքներով և անվտանգությունն առաջնահերթ համարող իշխանությամբ։

Անկախությունը չի պահպանվում հայտարարություններով։ Այն պահպանվում է պետական մտածողությամբ, ուժեղ բանակով, ազգային միասնությամբ և սեփական պետության նկատմամբ պատասխանատվությամբ։

Հայաստանը վերականգնելու է ուժեղ պետականությունը։ Ոնենալու ենք պետություն, որտեղ ազգային խորհրդանիշները ծառայելու են ոչ թե իշխանության վարկանիշին, այլ հայկական պետականության ամրապնդմանը։

Փա՛ռք Առաջին Հանրապետության հիմնադիրներին։

Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր պայքարել և պայքարում են հայկական պետականության համար։

Leave a comment