Իրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ ներկայությանը

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Թեհրանը դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի այն ներկայությանը, որը, ըստ նրա, կարող է ապակայունացնել տարածաշրջանը։ Նա այս մասին խոսել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի շուրջ զարգացումների համատեքստում։

ISNA գործակալությանը տված հարցազրույցում Բաղային նշել է, որ Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի անվտանգության հարցերում վաղուց հայտնի է։ Նրա խոսքով՝ Թեհրանը կողմ է տնտեսական կապերի ընդլայնմանը և տրանսպորտային ուղիների վերագործարկմանը։

Միևնույն ժամանակ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը խոր կասկածներ ունի ԱՄՆ-ի մտադրությունների վերաբերյալ՝ հիշեցնելով Վաշինգտոնի «ագրեսիվ քաղաքականության պատմությունը այլ տարածաշրջաններում»։

«Թեհրանը բացահայտ դեմ է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ցանկացած ապակայունացնող ներկայության»,-ընդգծել է Բաղային։

Նա նաև նշել է, որ Հարավային Կովկասը անմիջական հարևանությամբ է գտնվում Իրանի հետ, և տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունն ու տնտեսական զարգացումը համապատասխանում են Իրանի ազգային շահերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment