Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց Սարդարապատի հուշահամալիր

Բաժանորդագրվել

Կաթողիկոսն ու բարձրաստիճան հոգևորականներն աղոթք հնչեցրեցին՝ ի հիշատակ Մայիսյան հերոսամարտերի նահատակների։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik․ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, բարձրաստիճան հոգևորականների ուղեկցությամբ, այցելեց Սարդարապատի հուշահամալիր։

Այսօր ավելի վաղ կաթողիկոսի անունից ծաղկեպսակ էր բերվել հուշահամալիր։ Վեհափառ հայրապետն ու հոգևորականները ծաղիկներ խոնարհեցին։

Կաթողիկոսը տերունական աղոթքն ընթերցեց, ապա աղոթք հնչեցրեց՝ ի հիշատակ Մայիսյան հերոսամարտերի նահատակների։

Սարդարապատի հուշահամալիրում էին նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները։ Դաշինքը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոնարհվեց ու համբուրեց վեհափառի աջը։
Լրագրողների հարցերին ամենայն հայոց կաթողիկոսը չցանկացավ պատասխանել։

Հիշեցնում են, որ 1918 թվականի մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում ապացուցվեց՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։

1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Բաշ-Ապարանի, Սարդարապատի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ձեռք բերվեց երկար սպասված պետականությունը: Ցավոք, Առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ: Հայաստանն անկախությունը վերականգնեց միայն 1991 թվականին՝ սեպտեմբերի 21-ին անցկացրած հանրաքվեով:

Leave a comment