Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա. վարչապետ


Հանրապետության օրվա առթիվ կազմակերպված զորահանդեսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ ամփոփելով 2022 թվականից ի վեր բանակաշինության, սպառազինության ձեռքբերման և զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ գրանցված արդյունքները։


«Այսօր ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ, նոր համազգեստով և նոր գաղափարաբանությամբ: Այդ գաղափարաբանության առանցքը հետևյալն է. բանակի միակ խնդիրը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված, ինքնիշխան տարածքի պաշտպանությունն է, և մեր բանակը չպետք է կիրառվի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս՝ բացառությամբ միջազգային պայմանագրերի հիման վրա իրականացվող խաղաղապահ առաքելությունների»:


Անդրադառնալով սպառազինության ձեռքբերման գործընթացին՝ վարչապետը հիշեցրել է, որ 2022 թվականից առաջ սպառազինության և ռազմական տեխնիկայի միջազգային շուկաները հիմնականում փակ կամ դժվար հասանելի էին ՀՀ-ի համար, քանի որ միջազգային գործընկերները հրաժարվում էին զենք մատակարարել՝ մտավախություն ունենալով, որ այն կկիրառվի միջազգայնորեն ճանաչված տարածքներից դուրս։


«Միայն 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված համաձայնություններից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը, ահա միայն այս համաձայնությունից հետո սպառազինությունների միջազգային շուկան բացվեց Հայաստանի համար: Այսօրվա զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրների արտադրության սպառազինություն և ռազմական տեխնիկա


Զորահանդես-հաշվետվության կարևոր առանցքներից մեկը ՀՀ-ում արտադրված սպառազինությունը ու ռազմայան տեխնիկան է, որը այսօր միջազգային շուկայում կայուն դիրքեր զբաղեցնելու առաջին, բայց վստահ քայլերն է անում»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով նաև, որ 2022 թվականից սկսած կառավարությունը շուրջ 170 միլիարդ դրամի ներդրում է արել տեղական ռազմաարդյունաբերական համալիրում։

Դիտումների քանակ5

Leave a comment