«Մեզ հուշում էին՝ այստեղ եք այնքան, ինչքան կցանկանա ՀՀ իշխանությունը, ցավոք, այդպես է». Իշխանյանը՝ Բաքվի բանտից
Բաքվի ռազմական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Հանրապետության խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանն ուղերձ է հղել Բաքվի բանտից։
Նա հայտնել է, որ երեկ Բաքվի վերաքննիչ դատարանում սկսվել է իրենց բողոքների քննության նախնական դատական նիստը։
«Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանի վճիռը բողոքարկել ենք, հունիսի 2-ին նշանակված է առաջին դատական նիստը։
«Խաղաղություն և դատավարություն»՝ շատ յուրահատուկ է։ Ամբողջապես գրաքննվող, վերահսկվող, հաշվեհարդարի դատավարություն է։
Երեկ կարևոր պաշտպաններից մեկն իր խոսքի ընթացքում պոռթկաց՝ ասելով՝ մենք սերունդների առջև ամաչելու ենք այսպիսի դատավարություն կազմակերպելու համար։
Տրագիկոմեդիա է։ Դատավարությունը ձգձգվող և քաղաքական գործընթացներին համապատասխանեցնող դատավարություն է։
Դեռ 2024թ․ հունվարի-փետրվար ամիսներին, երբ մեզ հետ շփվում էին անհատ պաշտոնյաները, մեզ հուշում էին, անուղղակիորեն հասկացնում էին, որ դուք այստեղ եք այնքան, ինչքան Հայաստանի իշխանությունները ցանկանան։ Մենք զարմանում էինք՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել, ինչպե՞ս մեր հայրենի իշխանությունները չէին ցանկանա, որ մենք վերադառնանք անմիջականորեն։ Բայց այսօրվա տեսանկյունից ամեն ինչ պարզ է և հասկանալի, որ, ցավոք, այդպես է։
3 տարի է՝ մենք այստեղ ենք, պիտի ասեմ՝ ո՛չ սկզբունքայնությունը, ո՛չ ողջախոհությունը, ո՛չ ոգու և կամքի ուժը մեզ չեն լքել ու չեն դավաճանել։ Այսուհետև այդպես է լինելու։ Մենք շարունակելու ենք մեր ընդհանուր որդեգրած գիծը։
Առիթն օգտագործելով՝ հայ ժողովրդին շնորհավորում եմ մայիսի 28-ի առիթով՝ ցանկանալով ոգու, կամքի և միասնության ուժ»,- ասել է Իշխանյանը։