Ուինսlոու Մարտինի Հայաստանը. «Այն քեզ իրենն է դարձնում` նախքան դու այն քոնը կդարձնես»

Հայերիս հյուրասեր ու ջերմ լինելու մասին օտարերկրացիների հիացական խոսքերը մեզ համար սովորական երեւույթ են, բայց դա չի խանգարում, որ յուրաքանչյուր անգամ նորից ուրախությամբ ու շնորհակալությամբ լսենք դրանք, հպարտանանք: Բայց ի՞նչ կլինի, եթե օտարականն ավելի մոտենա մեզ՝ դիտելով հայերիս ոչ միայն ուրախ, այլեւ ծանր պահերին, ի՞նչ կտեսնի նա հյուրընկալ ժպիտներից անդին, եթե փորձի խորությամբ ճանաչել ինքնության պահպանության զրկանքների, ցեղասպանության ու հայրենազրկման ողբերգության անցյալի ու ներկայի բեռը կրող ժողովրդին: 
Ես ճանաչում եմ առնվազն մեկ մարդու, որը մակերեսով չբավարարվեց, որը մտավ ներս, տեսավ բոլոր վերքերը, թուլությունները, պառակտումը, բայց շարունակեց սիրահարված մնալ Հայաստանին ու հայ մարդկանց, քանի որ տեսավ այն, ինչ խորքում է՝ կառուցողներ, պաշտպանողներ ու աշխարհի հանդեպ սիրով լցված մարդիկ: 
Մի անգամ ամերիկացի լուսանկարիչ Ուինսլոու Մարտինը վավերագրական լուսանկարչության նպատակով Հայաստան գալու հապճեպ որոշում ընդունեց, որից հետո 27 տարի շարունակ վերադարձավ Հայաստան՝ ստեղծելով լայնածավալ ֆոտոարխիվ, որը ներկայացնում է Հայաստանն ինչպես որ կա՝ մարդկանց ջերմությամբ, ավանդույթների խորությամբ, կորստի ողբերգությամբ, բայց չդադարող պայքարով ու աղոթքով: 
2023 թվականին Ուինսլոու Մարտինի 147 լուսանկարներ ցուցադրվեցին Հայաստանի պատմության թանգարանում՝ լուսանկարչի «Դեպի իմ Հայաստան/ Իմ Հայաստանին» խորագրով անհատական ցուցահանդեսի շրջանակում: Նրա Հայաստանի «դիմանկարը» ավելի ուշ կատարելագործվեց՝ վերածվելով «Սիրո նամակ Հայաստանին»՝ 90 րոպե տեւողությամբ ներկայացման, որը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում միաձուլեց երաժշտությունը, պատկերն ու կենդանի խոսքը: 
Ցավոք, բաց թողեցինք Երեւանում Ուինսլոուի հետ հանդիպելու այս երկու հրաշալի առիթները։ Սակայն, իմանալով Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում բացված նրա նոր՝ «Իմ Հայաստանը (1999–2008)» (ապրիլի 16 – մայիսի 30) ցուցադրության մասին Project Save Photograph Archive պատկերասրահում, որոշեցինք օգտագործել այդ առիթը։ Ցանկանում էինք լսել նրա նոր ցուցահանդեսի մասին, բայց որ ավելի հետաքրքիր էր՝ անցնել նրա պատմության հետագծով ու սկսել սկզբից. ինչպես մի փոքր հանրապետություն՝ նախկինում բոլորովին անծանոթ պատմաբան-լուսանկարչին, ի վերջո, նրա համար դարձավ «Իմ Հայաստան»: 
Հաջորդիվ սրտաբաց զրույց էր, որը թեեւ սկզբում նման էր օտար մարդուն ինքդ քո մասին հարցնելուն, սակայն շատ արագ վերածվեց ներքին ձայնի հետ երկխոսության. ձայնի, որ մշտապես հիշեցնում է՝ ով ես իրականում այն ժամանակ, երբ թվում է, թե կորցրել ես քեզ: 
Լուսանկարներ, որոնք խոսում ենք քեզ հետ
Առաջին արձագանքս Ուինսոլուի տեսախցիկի միանալուց հետո դասական ողջույնի ու լրագրողական ներկայացման փոխարեն ուրախ բացականչությունն էր. 
«Օ՜, Հայաստանի դրոշն ունեք պատին, ինչ հաճելի է»
«Ոչ միայն Հայաստանի դրոշն ունեմ, այլ նաեւ քարտեզը»,- պատասխանում է նա՝ պտտեցնելով տեսախցիկը։ 
Սկսում ենք խոսել Հայաստանի մասին: Զրույցը կարծես կեսից սկսված լիներ, շատ արագ հասանք հին, հետո ներկայիս Երեւանին ու խցանումների թեմայի ժամանակ հասկացանք՝ պետք է շրջադարձ անել։ Հարցնում եմ՝ ինչպես անցավ ցուցահանդեսի բացումը.
«Շատ մարդաշատ էր, մարդիկ չէին կարողանում աշխատանքները լավ տեսնել, բայց դա ոչինչ», – կատակելով ասում է նա ու շարունակում.
«Ես իհարկե սիրում եմ, երբ մարդկանց դուր են գալիս իմ լուսանկարները, սակայն իրականում այս ամենն իմ մասին չէ, այլ մի օտարականի, որը սիրահարվել է Հայաստանին, այդ սերը բարդ սեր է, որովհետեւ Հայաստանը եւս բարդ է։ Ես իսկապես ուզում եմ մարդկանց կրթել Հայաստանի մասին, որ նրանք հետաքրքրվեն Հայաստանով ու հասկանան դրա պատմությունը։ 
Գիտեմ, որ ամեն ինչ փոխվում է, փոխվում են մարդիկ, ավանդույթները, մշակույթը, բայց մենք պետք է պահպանենք դրանք լավագույն ձեւով, պետք է մեծարենք։ Եվ այդ օտարական լուսանկարիչը իրա աշխատանքների միջոցով ցույց է տալիս այդ ամբողջի զորությունը։ 
Իմ նկարների մասին խոսելիս մարդիկ հաճախ են ասում, որ կարողացել եմ ներկայացնել Հայաստանի սիրտն ու հոգին, ցույց տալ ամբողջ լավը՝ ի հեճուկս դժվարությունների։ Իմ լուսանկարները միայն գեղեցիկի մասին չեն, ես այստեղ եմ եղել 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգության ժամանակ, 2020 թվականի պատերազմի օրերին, 2023-ի սեպտեմբերին էլ Կոռնիձորում եւ Գորիսում էի։ Բայց ես նաեւ շրջել եմ Հայաստանի գյուղերով, հյուրընկալվել մարդկանց տներում։ Երբ հարցնում են՝ ինչու՞ Հայաստանը, պատասխանս է՝ մարդիկ։ 
Հիմա ունեմ 27 տարվա լուսանկարների արխիվ մի հանրապետության, որն ընդամենը 35 տարեկան է։ Ինձ համար սա կարեւոր գործ է, որովհետեւ լուսանկարները երաժշտության նման են՝ համամարդկային լեզով կարողանում են խոսել յուրաքանչյուրի հետ։ Կարծում եմ, որ այս ցուցահանդեսի համար ընտրված նկարները եւս խոսեցին այցելուների հետ»։ 
Կյանքով լեցուն մարդիկ՝ ակնհայտ դժվարությունների մեջ
Վերադառնանք ամենասկիզբ, երբ Ուինսլոուն առաջին անգամ լսեց Հայաստանի մասին։ 
1998 թվականին մի քահանայի մասին ֆոտոպատմություն պատրաստելու մասնագիտական որոնումները նրան բերեցին Ուոթերթաունի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հովիվ Տեր Տաճատ Դավիդյանի մոտ, որը 1999-ին առաջարկեց լուսանկարչին ուղեկցել իրեն դեպի Հայաստան ուղեւորության ժամանակ։ Թեեւ Ուինսլոուն արդեն ծանոթ էր Հայոց ցեղասպանության պատմությանը, նա դեռեւս գրեթե ոչինչ չգիտեր Հայաստանի Հանրապետության մասին։
«Դպրոցում ես երբեք չեմ լսել Հայոց ցեղասպանության մասին, թեեւ մենք ուսումնասիրում էինք Առաջին համաշխարհային պատերազմը։ Ավելի ուշ որոշ գիրքեր կարդացի այդ թեմայով, իսկ Ուոթերթաունի հայ համայնքին ծանոթանալուց հետո Ցեղասպանության մասին բազմաթիվ պատմություններ լսեցի»,- վերհիշում է Ուինսլոուն եւ շարունակում՝ ընկղմվելով հուշերի մեջ.
«Հիմա մտաբերեցի իմ երկրորդ այցը Թուրքիա, 1996 թվականին էր։ Ծանոթներիցս մեկի միջոցով մի տղայի հանդիպեցի՝ միասին ճաշեցինք։ Նա լավ տղա էր։ Ես խոսակցություն բացեցի Ցեղասպանության մասին։ Նա ասաց, որ դա քաղաքացիական պատերազմ էր Առաջին համաշխարհայինի տարիներին, եւ որ իրենք պաշտպանվում էին հայկական ագրեսիայից։ Ես պատասխանեցի, որ դա պարզապես անհեթեթություն է։ Ասաց՝ իրենց այդպես են սովորեցրել դպրոցում։ Շատ արագ ինձ համար պարզ դարձավ, որ ես նրան այլեւս չեմ տեսնելու։ Այն ժամանակ խուսափում էի վեճերից։ Հիմա ավելի շատ եմ հայ, հիմա կռիվ կտայի, որովհետեւ դա ճշմարտություն է։
1999 թվականին, երբ Տեր Տաճատը հարցրեց՝ ուզո՞ւմ եմ իր հետ գնալ Հայաստան, դա խիստ անսպասելի էր. երեք շաբաթից ամուսնանում էի։ Բայց որոշեցի գնալ, եւ ապագա կինս աջակցեց ինձ։ Ես ոչինչ չէի ուսումնասիրել. պարզապես հետեւեցի Տեր Տաճատին։
Երկար ճանապարհորդությունից հետո հասա հին Զվարթնոց։ Գնացինք Էջմիածին։ Քնեցի հոգևորականների կացարանի հատակին (հիմա այն շատ ավելի բարեկարգված է)։ Այնտեղ տասը օր անցկացրի։
Շատ եմ ճանապարհորդել, ութ տարի ապրել եմ Եվրոպայում, բայց Հայաստանն ինձ ապշեցրեց. եկեղեցիները, մարդիկ, եւ այդ առաջին տպավորությունը երբեք չի փոխվել՝ անկախ այն տարբեր իրավիճակներից, որոնք պատահել են այս տասնամյակների ընթացքում։ 
Սա եմ ասում այն հայերին, ում հետ զրուցում եմ. թույլ տվեք զգալ ձեր շնչած օդի ջերմությունը, այսինքն՝ այն, թե ով եք դուք։ Քանի որ դուք դրանով ապրում եք ամեն օր, այլեւս չեք նկատում։ Մարդիկ կարող են այդքան կյանքով լի լինել՝ ապրելով նման ակնհայտ դժվարությունների մեջ։ Դա հիասքանչ է։ Եվ հուզական առումով իմ արձագանքը պարզ էր. ես պարզապես ուզում եմ վերադառնալ։ Ես նույնիսկ չգիտեմ ինչու, ես պարզապես ուզում եմ վերադառնալ։
Սիրող ժողովրդի ամենամութ օրերի վավերագրումը
Ուինսլոուի երկրորդ այցը կրկին Տեր Տաճատի հետ էր, այս անգամ՝ 132-րդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության առիթով։ Նա գաղափար անգամ չուներ, որ պատրաստվում էր վավերագրել Հայաստանի նորագույն պատմության ամենամութ օրերից մեկը, կամ որ գալիք տասնամյակների ընթացքում շարունակելու էր վավերագրել ազգային ողբերգություններ. ողբերգություններ, որոնք գուցե ժամանակին կանխվեին սպանված առաջնորդների կողմից։
Իմանալով, որ Ուինսլոուն պատահաբար Հայաստանում է եղել հենց 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, եւ կրկին պատահաբար Հայաստանում է եղել հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը 9-ամսյա շրջափակումից հետո հարձակվեց Արցախի վրա եւ իրագործեց հայ բնակչության էթնիկ զտում, մտքերով ընկա։ Լինելով անկախ Հայաստանի Հանրապետության սերունդ՝ մեծացել եմ երկու անկախ հայկական պետությունների հպարտ իրականության մեջ։ Հետո՝ 2020-ին, այդ իրականությունը ճաք տվեց։ Եվ մինչ ես փորձում էի այն նորից սոսնձել, այն վերածվեց փշրանքների, բայց միեւնույն է՝ թանկագին փշրանքների։
«Հիշում եմ՝ 2020-ին մենք մտածում էինք, թե հասել ենք մեր ամենաստորին կետին, որ հնարավոր չէ, որ ավելի վատ լինի։ Բայց հետո եկավ 2023-ը»,-ասում եմ ես դիմելով Ուինսլոուին՝ նրա հայացքից հասկանալով, որ ավելին բացատրելու կարիք չկա։ «Դուք տեսել եք հայերին շատ տարբեր փուլերում, ուստի ինձ հետաքրքիր է՝ արդյոք մարդիկ փոխվե՞լ են։ Դուք նկարագրեցիք, թե որքան հիասքանչ են հայերը։ Մենք դեռ նո՞ւյնն ենք»։
«Ես կասեի՝ հավանաբար եւ՛ այո, եւ՛ ոչ»,- պատասխանում է Ուինսլոուն՝ դադար առնելով մտածելու համար։
«Կարծում եմ՝ պառակտումն ավելի մեծացավ. այն դարձավ ավելի հրապարակային, ավելի հաճախակի։ Կա հասարակական դեպրեսիա եւ տագնապ։ Բայց դա հասկանալի է, որովհետեւ դուք ունեք բառիս բուն իմաստով թշնամի, որը չարիք է։ Եթե Ալիեւը կարողանար վերցնել ամբողջ Հայաստանը, նա դա կաներ վաղն եւեթ։ Սա փաստ է։ Նա պարզապես չի կարող, որովհետեւ աշխարհը պատրաստ չէ դա ընդունել։
Եթե ես որպես զբոսաշրջիկ առաջին կամ երկրորդ անգամ այցելեի Երեւան եւ Գյումրի, մնայի «Մարիոթ» հյուրանոցում, գնայի Գառնի, այս ամենը չէի տեսնի։ Երեւանում կան շքեղ հյուրանոցներ եւ ռեստորաններ, հատկապես՝ կենտրոնում։ Կարող է թվալ, թե տնտեսապես ամեն ինչ դեպի լավն է գնում, եւ ըստ վիճակագրության՝ որոշ բաներ իրականում այդպես են։ Սակայն այդ հակադրությունը շիզոֆրենիայի նման է։
Իսկ քաղաքական դաշտում ոչ ոք չկա. չկա մեկը, որը կարող է միավորել ժողովրդին, իսկ դա հենց այն է, ինչ պետք է անել: Առաջնորդության հարցում դուք շատ վատ վիճակում եք, բայց նույն վիճակում է նաեւ ԱՄՆ-ը, նույն վիճակում են աշխարհի շատ այլ երկրներ։
Միեւնույն ժամանակ՝ ձեր տեսակը բնավ չի փոխվել։ Դա նման է դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն. դեպրեսիայի մեջ էլ դուք շարունակում եք նույն մարդը մնալ։
Ինչու՞մ է նրանց զորությունը
2022 թվականին Մասաչուսեթսում Ուինսլոուի «Մենք սպասում ենք քո վերադարձին. Սիրո նամակ Հայաստանին» ներկայացման պրեմիերայից առաջ, The Armenian Weekly-ին տված հարցազրույցում նա ասել էր. «Այնտեղ վիճակն այնքան բարդ է, իսկ տրամադրությունն՝ այնքան ընկած։ Հայկական ընտանիքը պայքարում է ներսից, եւ մենք իսկապես պետք է հնարավորինս համախմբվենք՝ անելով մեր գործը։ Կա՛մ դրական քայլեր անելով, ինչպես օրինակ՝ ներդրումները, կա՛մ անելով այն, ինչ ես եմ անում իմ ոլորտում՝ դրական ուղերձ հղելով այն մասին, թե ովքեր են հայերը։ Ի՞նչն է այդքան հիանալի նրանցում: Ինչո՞վ են նրանք ուժեղ»։
Դժվար ժամանակները Հայաստանում շարունակվում են, ուստի չէի կարող չհարցնել Ուինսլոուին. ինչու՞մ է հայերի զորությունը։
«Դուք նույն բնույթն ունեք, նույն ուժեղ անհատականությունը, նույն պայքարի ոգին։ Դուք կառուցողներ եք, այլ ոչ ավերողներ։ Դուք այն ժողովուրդն եք, որն ագրեսիվ չէ, այլ հակառակը՝ սիրով է լցված աշխարհի նկատմամբ։ Հայերը հարձակվողներ չեն, նրանք պաշտպանողներ են։ Եվ դա ճիշտ է ոչ միայն ռազմական իմաստով, այլեւ մշակութային։
Իմ սիրո նամակն անցնում է մի ճամփորդություն եւ ի վերջո ուղերձ հղում՝ տեսեք այն, ինչ ես տեսա: Տեսեք, թե ինչու եմ ես անընդհատ վերադառնում»։
Ուինսլոուի լուսանկարները նույնն են պատմում։ Դրանք ընդգծում են այն, ինչ լավն է, ինչն ուժեղ է, դրական է։ Նա բազմաթիվ ողբերգական իրադարձություններ է վավերագրել, սակայն Ուինսլոուին միշտ հաջողվել է վշտի մեջ որսալ նուրբ, դրական պատառիկները. փախստականների կացարանում պարան ցատկող երեխան, սեւ սուրճի փոքրիկ գավաթը, որը սրտամոտ զրույցներ է խոստանում, ու Արարատի վեհաշուք տեսարանը, որն անընդհատ կանչում է … Ուստի ես հարցրի Ուինսլոուին՝ արդյոք նա այդ դրական դրվագները միտումնավո՞ր է գտնում, թե՞ դա իրերը տեսնելու նրա բնական ձեւն է։
«Դիտավորյալ չեմ անում։ Տեղում բավականաչափ ժամանակ եմ անցկացնում եւ այնքան փորձառություններ եմ կուտակում, որ դրանք միավորվում ու դառնում են մի ամբողջական պատկեր, ու ես միշտ չէ, որ դա միանգամից նկատում եմ, միայն՝ ավելի ուշ: Ձեզ մի օրինակ բերեմ 2023 թվականի Գորիսից։
Գորիսի գլխավոր հրապարակը … դու այնտեղ էիր, չէ՞։ Կարո՞ղ ես բառացիորեն բացատրել դա որեւէ մեկին։ Դա նման էր ցեղասպանության ժամանակաշրջանի մի ֆիլմի, որտեղ այդ մարդիկ ունեին միայն այն, ինչ կարող էին իրենց հետ տանել։ Ես լուսանկարներ ունեմ, պատմում եմ դրա մասին, բայց չեմ կարող բացատրել, թե դա ինչ էր։
Միեւնույն ժամանակ ես տեսա նաեւ կամավորների։ Տեսա աշխատող երեխաների։ Տեսա մարդկանց, որոնք իրենց ունեցածը տալիս էին փախստականներին, քրտնաջան աշխատում էին՝ կարիքի մեջ գտնվողներին օգնելու համար։ Եվ նույնիսկ եթե հնարավոր է դա հիմա փոխված լինի, քանի որ գիտենք, որ որոշակի պառակտում կա Հայաստանի Հանրապետության հայերի եւ Արցախի հայերի միջեւ, բայց այդ երկու շաբաթվա ընթացքում ես տեսա այն, ինչ տեսել էի 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ես տեսա, թե ինչպես Հայաստանը համախմբվեց։ Կարծես ցանկանամ բացականչել՝ տեսե՛ք, մարդիկ, դուք կարո՛ղ եք դա անել. դուք չեք կարող ինձ խաբել, ես տեսել եմ, թե ինչպես եք դա անում: 
Ինչ վերաբերում է փախստականներին՝ այո՛, կա արցախյան բնավորությունը, բայց ես տարբեր մարդկանց տեսա, նաեւ այնպիսինների, որոնք լիովին կոտրված էին։ Նրանք անհատապես կորցրել էին գրեթե ամեն ինչ։ Բայց նորից՝ ես տեսա մարդկանց, որոնք ապրում էին ցնցումը, բայց մտածում էին իրենց երեխաների կրթության, ընտանիքը մեծացնելու, տնտեսություն կառուցելու մասին։ Դու կարող ես ապրել տրավմայով, բայց գտնվել հյուրընկալ եղբայրների ու քույրերի այս հողում, որովհետեւ նրանք հենց դա են, անկախ նրանից, թե ինչ են մտածում, եւ նոր կյանք կառուցել։ Գուցե մի օր, գուցե 100 տարի անց, դուք կվերադառնաք Արցախ։ Բայց կվերադառնաք որպես լավ ընտանիք, կիրթ երեխաներով, որպես մարդիկ, որոնք գիտեն ինչպես հոգ տանել իրենց ու իրենց ավանդույթների մասին»։
Ներկայության ծանրությունը լուսանկարներում
Project Save Photograph Archive-ի պատկերասրահում Ուինսլոուի նոր ցուցահանդեսը ներկայացնում է նրա վաղ շրջանի աշխատանքները՝ մինչեւ 2008 թվականը։ Հարցնում եմ՝ ինչու՞։
«Որոշեցի, որ հետաքրքիր կլինի, եթե մեկ ուրիշն ընտրի իմ արխիվից։ Նկարներն ընտրեց գործընկերս՝ լուսանկարիչ Նուբար Ալեքսանյանը, ում ճանաչում եմ երկար տարիներ։ Երբ գնացի նրա տուն՝ տեսնելու, թե հարյուրավոր նկարներից որոնք է ընտրել, տեսա, որ բոլորը սեւ ու սպիտակ էին՝ 1999–2008 թվականներից։ Նա ասաց, որ սրանք պարզապես այն նկարներն էին, որոնք խոսել են իր հետ եւ համադրվել իրար։ Սկսեցի նայել այդ երեսուն նկարներին ու ասացի. «Եղբա՛յր, չափազանց շատ է ծանրությունը: Ես գիտեմ, որ իմ նկարները կարող են շատ ծանր լինել, բայց, ներիր, իմ Հայաստանը միայն ծանր չէ»: Հետո որոշ բաներ փոխեցինք»։
Կապ հաստատեցի Նուբար Ալեքսանյանի հետ՝ ավելին իմանալու ընտրության գործընթացի եւ այն մասին, թե ինչպես է ծավալվել վերջնական ընտրության շուրջ քննարկումը։ Նուբարից ստացածս պատասխանն ինձ բառացիորեն տեղափոխեց հենց այն սենյակ, որտեղ ընտրվում էին լուսանկարները։
«Սկսեցի պարզապես ընտրելով այն նկարները, որոնք, իմ կարծիքով, ամենաուժեղն էին՝ առանց թեմայի, պատմողական ուղղվածության, առաջնորդվելով պարզապես որակով։ Այդ առաջին ընտրության արդյունքում առանձնացավ մոտ հարյուր լուսանկար։
Երկրորդ փուլն ավելի դժվար է բացատրել, բայց այն էական է գործընթացի համար։ Ես շարեցի լուսանկարները մեր ճաշասենյակի սեղանին ու սպասեցի, որ դրանք խոսեն ինձ հետ։ Սա եւ՛ խորապես անձնական է, եւ՛ տարօրինակ կերպով համընդհանուր. դու մենակ ես աշխատանքի հետ, բայց ինքնին աշխատանքն այնքան շատ բան է պարունակում։ Աստիճանաբար սկսեցին կապեր ի հայտ գալ, նկարները սկսեցին գտնել միմյանց։ Աշխատանքների ամբողջությունը բացահայտում է իր սեփական տրամաբանությունը, եթե դու դրան բավարար տարածություն եւ լռություն ես տալիս։
Որպես համադրող՝ իմ դերն էր կենտրոնացած մնալ այդ աշխատանքների ամբողջության վրա որպես մեկ միասնություն՝ միաժամանակ հարգելով Ուինսլոուի բացառիկ վիզուալ բառապաշարը. ոչ թե պարտադրել իմը, այլ մեծարել նրանը։ Լավ խմբագրումը պետք է անտեսանելի լինի։
Ինչ վերաբերում է «ծանր» բառին, այն չէի օգտագործի այս լուսանկարները նկարագրելու համար։ Այն, ինչ ես տեսնում եմ Ուինսլոուի աշխատանքում, այլ տեսակի ծանրություն է. ներկայության, հարաբերության, վաստակած ժամանակի ծանրություն։ Դա բոլորովին այլ բան է»։
Վայրը, որը քեզ իրենն է դարձնում` նախքան դու այն քոնը կդարձնես
Նուբար Ալեքսանյանն ինձ հետ կիսվեց նաեւ Ուինսլոուի ցուցահանդեսի համար գրած իր տեքստով, որտեղ ասվում է. «…Հայաստանը փոխեց նրան նախքան նա կհասկանար, թե ինչու։ Դա իրական ձգողականություն է. վայր, որը քեզ իրենն է դարձնում նախքան դու այն քոնը կդարձնես»։ Մեր զրույցում Նուբարը մանրամասնում է այս տողերը. 
«Վավերագրող լուսանկարիչների մեծ մասն իրենց թեմաներն ընտրում է գիտակցաբար. նրանք գտնում են ինչ-որ իմաստալից բան եւ նպատակադրված հետեւում դրան։ Բայց երբեմն ինչ-որ բան ինքն է ընտրում քեզ, նախքան դու բառեր կգտնես դրա համար, նախքան կհասկանաս, թե ինչն է քեզ ձգում։ Դու նկատում ես, որ անընդհատ վերադառնում ես՝ առանց կարողանալու լիովին բացատրել՝ ինչու։
Հայաստանը չսպասեց մինչ Ուինսլոուն որոշի, որ այն կարեւոր է։ Այն մտավ նրա էության մեջ հենց առաջին այցի ժամանակ՝ մարդկանց, լույսի, վայրի կշռի միջոցով, եւ շարունակում էր կանչել։ Հենց դա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ վայրը քեզ իրենն է դարձնում նախքան դու այն քոնը կդարձնես։ Աշխատանքը դառնում է քեզ հետ արդեն իսկ տեղի ունեցածի գիտակցման գործընթաց»։
Ուինսլոուի հետ զրույցում չդիմացա Հայաստանի հետ նրա կապի վերաբերյալ Նուբարի նկարագրությունը մեջբերելու գայթակղությանը, նաեւ հարցրի՝ արդյո՞ք Հայաստանն իսկապես փոխել է նրան։
«Լիովին կարող եմ պատկերացնել, որ դա ճիշտ է։ Բայց ես կասեի՝ ինձ համար շատ պարզ էր, թե ինչու էի անընդհատ վերադառնում։ Ի սկզբանե վերադառնում էի, որովհետեւ սիրեցի մարդկանց, սիրեցի մշակույթը։ 
Պատերազմը փոխեց իմ կյանքը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ պատերազմն ավարտվել էր, պետք է շուտով մեկնեի։ Գնացի Հանրապետության հրապարակ եւ տեսա առաջացող պառակտումը, իրար հետ կռվող ու գոռգոռացող մարդկանց։ Մտածեցի՝ ինչպե՞ս կարող եմ հեռանալ։ Այնքան շատ բան կա անելու։ Այդտեղ լինելս զգացի որպես պարտականություն։
Հիշեմ թեկուզ 67-ամյա մի տղամարդու, որը եղել էր բոլոր պատերազմներում՝ 92-ին, 94-ին, 2016-ին։ Նրան ասում էին՝ «մի՛ գնա, մի՛ գնա, մի՛ գնա»։ Նա զոհվեց։ Եվ, գիտեք, ես նրա տանն էի։ Ես եկեղեցում էի։ Ես Եռաբլուրում էի։ Ես գրեթե նրա գերեզմանի մեջ էի կանգնած լուսանկարելիս, որովհետեւ այդ հիմար նկարների համար դու պետք է այնտեղ լինես։ Ես ինձ սարսափելի էի զգում։
Այն, ինչի միջով ես եմ անցնում, ոչինչ է այն ամենի համեմատ, ինչի միջով դուք եք անցել։ Բայց դա փոխեց իմ կյանքը։ Եվ աշխատանքի առումով դա նշանակում էր, որ ինձ չի հետաքրքրում, թե ինչ կպահանջվի. ես կշարունակեմ վերադառնալ այնքան ժամանակ, որքան կկարողանամ»։
Նա շարունակում է վերադառնալ
Ուինսլոուն արդեն պլանավորել է իր հաջորդ այցը Հայաստան։ Այն կլինի մինչեւ հունիսյան ընտրությունները, բայց ոչ բուն ընտրությունների օրը լուսանկարելու համար. «Դա իսկապես կարեւոր ընտրություն է, բայց այն տխուր է լինելու, անկախ նրանից, թե ինչ կլինի, որովհետեւ ինչ-որ մեկն, ի վերջո, պետք է դառնա վարչապետ»։
Ուինսլոու Մարտինը կշարունակի վավերագրել Հայաստանը՝ ընդլայնելով իր ֆոտոարխիվը եւ պատմելով աշխարհին Հայաստանի մասին։ Նա հավատում է, որ դա կարեւոր է։ Ես նույնպես հավատում եմ դրան, այլապես չէի ունենա այս ջերմ զրույցը եւ չէի խնդրի ձեզ կարդալ այն, սիրելի՛ ընթերցող։ Բայց թույլ տվեք, որ մեկ այլ լուսանկարիչ բացատրի, թե ինչու է դա կարեւոր. ահա Նուբար Ալեքսանյանի արձագանքը.
«Լուսանկարչությունը միշտ եղել է պատմության ամենահզոր վկաներից մեկը։ Լուսանկարը չի վիճում. այն ցույց է տալիս։ Եվ այն, ինչ ցույց է տալիս, պահպանում է։ Այն համայնքների համար, որոնց պատմությունը հերքվել, ճնշվել կամ համակարգված կերպով ոչնչացվել է, այդ պահպանումը պարզապես մշակութային չէ. դա դիմադրության ակտ է։
Հայաստանը հենց այդպիսի վայր է։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ոչ միայն կյանքերի, այլեւ ապացույցների՝ գյուղերի, եկեղեցիների, դեմքերի, անունների ոչնչացում էր։ Իմ սեփական տատն ու պապը ապաստան գտան Ֆրանսիայում՝ իրենց հետ տանելով այն, ինչ հնարավոր չէր լուսանկարել, ինչ գոյություն ուներ միայն նրանց հիշողության եւ լռության մեջ։
Ուինսլոուի լուսանկարները մուտք են գործում այդ նույն տարածք այլ ուղղությունից։ Նա եկավ առանց վերքի, բայց բաց աչքերով, եւ այն, ինչ նա գտավ, մարդիկ էին, որոնք ամբողջապես ապրում էին մի պատմության մեջ, որից աշխարհը չափազանց հաճախ թեքել է իր հայացքը։
Մի երկրում, որը դեռ հաղթահարում է ցեղասպանության, տեղահանության եւ բնաջնջման երկարատեւ հետեւանքները, օտարերկրացու կողմից հստակ եւ գեղեցիկ կերպով տեսնված լինելն առանձնահատուկ իմաստ է կրում։ Ուինսլոուի աշխատանքն ասում է՝ ես վերադարձա, ես շարունակեցի վերադառնալ, եւ ես վկաներ բերեցի»։
Ուինսլոու Մարտինի եւ Նուբար Ալեքսանյանի հետ զրուցել է Գայանե Ենոքյանը

Leave a comment