Ներկայացնում ենք The Telegraph պարբերականի ավագ թղթակից Էդրիան Բլոմֆելդի Moscow’s latest battle with the West is its most bizarre yet հոդվածի հայերեն թարգմանությունը:
Էդրիան Բլոմֆելդ
Եթե հավատանք առաջնորդների՝ միմյանց հասցեին հնչեցվող բոլոր մեղադրանքներին, կարելի է եզրակացնել, որ Հայաստանը դատապարտված է։ Երկրի վարչապետին մեղադրում են կախարդական սունկ ծամող խելագար լինելու մեջ, իսկ նրա գլխավոր մրցակցին ներկայացնում են որպես Կրեմլի գործակալ միլիարդատեր։ Իսկ Հայ եկեղեցու ազդեցիկ առաջնորդը՝ այս քաղաքական դրամայի երրորդ առանցքային դեմքը, նկարագրվում է որպես Մոսկվայի աջակցությունը վայելող խարդախ, որը գաղտնի երեխա ունի։
Ժամանակին խորհրդային հետամնաց երկիր համարվող Հայաստանն այսօր հայտնվել է Եվրասիայի ռազմավարական խաչմերուկում՝ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ձգվող միակ խոշոր ցամաքային առեւտրային եւ էներգետիկ ուղու պոտենցիալ բացակայող օղակի դիրքում, որը կարող է շրջանցել թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը։ Ցեղասպանության եւ տարածքային կորուստների ծանր հիշողությունը կրող ազգի համար այս հանկարծակի աշխարհաքաղաքական նշանակությունը միաժամանակ եւ՛ հնարավորություն է, եւ՛ անեծք։
Մինչ հայերը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին՝ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթացող ստվերային պայքարի հերթական ճակատային գծում, այդ նորահայտ ուշադրության գինը գնալով ավելի ակնհայտ է դառնում։
Երկիրը ողողված է Կրեմլի հետ կապվող ապատեղեկատվությամբ։ Ռուս անանուն տեխնոլոգիական վերլուծաբանների Bot Blocker հարթակի գնահատմամբ՝ Հայաստանը բախվում է պետական աջակցություն վայելող ապատեղեկատվական երկրորդ ամենախոշոր արշավին ժամանակակից եվրոպական պատմության մեջ։ Առաջին տեղում անցյալ տարի Մոլդովայի արեւմտամետ նախագահ Մայա Սանդուի պաշտոնանկության անհաջող փորձն է։
Խումբն ասում է, որ հայտնաբերել է հարյուրավոր կեղծ տեսանյութեր, որոնք ուղղված են Նիկոլ Փաշինյանին դեմ, ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալիս Արեւմուտքի հետ ավելի սերտ կապերի եւ Մոսկվայից ավելի մեծ հեռավորության պահպանման օգտին։
Սկզբնական շրջանում տարածվող պնդումները, թե վարչապետը զբաղվել է երեխաների թրաֆիքինգով եւ յուրացրել է պետական միջոցներ՝ արտասահմանում առանձնատներ գնելու համար, հետագայում փոխակերպվել են այլ մեղադրանքների, որոնց համաձայն՝ նա գաղտնի համաձայնության է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ընտրություններից հետո Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու վերաբերյալ։
Սակայն ապատեղեկատվական արշավները հաճախ ստվերվում են հենց թեկնածուների կողմից հնչեցվող կոշտ փոխադարձ մեղադրանքներով։ Դա առավել ցայտուն դրսեւորվում է Փաշինյանի եւ նրա գլխավոր մրցակից՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի միջեւ հակամարտության մեջ։ Վարչապետը նրան մեղադրում է Կրեմլի կողմից Հայաստան ուղարկված լինելու մեջ՝ երկիրը կրկին Մոսկվայի ուղեծիր վերադարձնելու նպատակով։
Սառը տեղից եկած օլիգարխը
Մոտ մեկ տարի առաջ Կարապետյանը գրեթե չէր մասնակցում Հայաստանի հասարակական կյանքին։ Վերջին երեք տասնամյակների մեծ մասը նա անցկացրել էր հիմնականում Մոսկվայում, Դուբայում եւ Մոնակոյում՝ կառուցելով մանրածախ եւ լոգիստիկ կայսրություն։
Նրա կարողության մեծ մասը ձեւավորվել է Վլադիմիր Պուտինի հովանավորչական համակարգի հիմնական հենասյուներից մեկի՝ «Գազպրոմի» հետ կապված շահավետ պայմանագրերից։ Նա վերադարձավ Հայաստան անցյալ տարի՝ հոր մահից հետո, իսկ մի քանի շաբաթ անց ձերբակալվեց։ Հայ Առաքելական եկեղեցու խոշոր բարերար Կարապետյանը ներքաշվեց վարչապետի եւ եկեղեցու միջեւ խորացող հակամարտության մեջ։
Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հարաբերությունները սրվեցին 2020 եւ 2023 թվականներին կրած աղետալի պարտություններից հետո, որի արդյունքն էր Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի կորուստը եւ այնտեղ բնակվող 120,000 էթնիկ հայերի զանգվածային հեռանալը։
Խախտելով եկեղեցու ավանդական քաղաքական չեզոքությունը՝ Գարեգին Բ-ն պահանջեց վարչապետի հրաժարականը։ Ի պատասխան՝ Փաշինյանը նրան մեղադրեց կոռուպցիայի, կուսակրոնության ուխտը խախտելու եւ եկեղեցին ռուսական ազդեցության գործիքի վերածելու մեջ։
Այս հակամարտությունը վերաճել է եկեղեցու եւ պետության միջեւ ամենախոր ճգնաժամերից մեկին երկրի նորագույն պատմության ընթացքում։ Խոսքը մի պետության մասին է, որն իրեն համարում է աշխարհի առաջին քրիստոնյա ազգը։
Կարապետյանը ձերբակալվեց, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց եկեղեցուն եւ խոստացավ այն պաշտպանել «մեր ձեւով»։ Իշխանությունները այդ հայտարարությունը մեկնաբանեցին որպես սահմանադրական կարգը տապալելու սպառնալիք։
«Ես պարզապես ցանկանում էի միջնորդել հակամարտության կարգավորմանը։ Սակայն մեկ ժամ անց այս տունը շրջապատված էր հարյուրավոր ոստիկաններով, եւ ինձ ձերբակալեցին»,- ասել է նա The Telegraph-ին իր երեւանյան առանձնատան տարածքում, որտեղ գտնվում է տնային կալանքի տակ։
Յոթ ամիս նա պահվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության՝ խորհրդային ԿԳԲ-ի իրավահաջորդ կառույցի ստորգետնյա բանտախցում։
Նրա ձերբակալությունը երկրի էլեկտրացանցի, խոշորագույն պիցցերիաների ցանցի եւ կրկեսի սեփականատիրոջը վերածեց քաղաքական գործչի։
Փաշինյանի՝ եկեղեցու հասցեին հնչեցրած քննադատությունից, նրա արեւմտամետ շրջադարձից, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտեցման փորձերից դժգոհ շրջանակների համար Կարապետյանը դիմադրության խորհրդանիշ դարձավ։
Նա արագորեն ստվերեց Հայաստանի ռուսամետ ընդդիմության ավանդական առաջնորդներին, սակայն որպես Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացի՝ նա չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Դա սահմանադրական սահմանափակում է, որը, նրա խոսքով, կվերացվի, եթե իր նորաստեղծ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը իշխանության գա։
Նա պնդում է, որ քաղաքականություն է մտել՝ եկեղեցին հետապնդումներից պաշտպանելու նպատակով։
«Կառավարությունը ակտիվացրել է իր հարձակումները թե՛ եկեղեցու, թե՛ հայկական ազգային ինքնության դեմ։ Այն արդեն ձերբակալել է եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների։ Իմ գլխավոր մտավախությունն այն է, որ հաջորդ քայլով կփորձեն ձերբակալել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսին»,- ասել է նա։
Եկեղեցի, պետություն եւ խորքային պետություն
Ոմանք կարծում են, սակայն, որ իրականում ամեն ինչ այնքան ազնիվ չէ, որքան թվում է։
«Եկեղեցին պատմականորեն եղել է իշխանություն ունեցողի կողքին: Խորհրդային իշխանության տարիներին այն սերտ կապեր ուներ ԿԳԲ-ի հետ։ Մինչեւ 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունը այն կանգնած էր ավտորիտար ռեժիմի կողքին, իսկ դրանից հետո շարունակել է լինել Պուտինին կողքին,» – ասել է հայ իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Հատուկ ուշադրության կենտրոնում է եկեղեցու մոսկովյան թեմը, որը ղեկավարում է Գարեգին Բ-ի եղբայրը՝ արքեպիսկոպոս Եզրասը։ 2023 թվականին նա օրհնել էր «Արբատ» գումարտակի հրամանատարներին՝ հայ վարձկանների ստորաբաժանման, որը կռվում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում։
Ուկրաինական հետախուզությունը պնդում է, որ Սամվել Կարապետյանը մասնակցել է գումարտակի ֆինանսավորմանը, սակայն նա հերքում է այդ մեղադրանքը։
Անցյալ տարի Հայաստանի իշխանությունները նաեւ հայտարարեցին, որ կանխել են «Արբատ» գումարտակի եւ բարձրաստիճան հոգեւորականների մասնակցությամբ ենթադրյալ դավադրությունը, որի նպատակը կառավարության տապալումն էր։
Պարոն Փաշինյանը եկեղեցու ղեկավարությանը եւ պարոն Կարապետյանին ներկայացնում է որպես Կրեմլի աջակցությունը վայելող «հինգերորդ շարասյուն», որը գործում է Հայաստանի ինքնիշխանության դեմ։ Այս մեղադրանքները երկու կողմերն էլ հերքում են։
«Ես պարզապես հայրենասեր եմ: Հենց այս կառավարությունն է, որ արտաքին ուժերի թելադրանքով խաթարում է ժողովրդավարությունը, ոչ թե ես»,- ասել է նա։
Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ռուսական սպառնալիքը չափազանցված է։
Կրեմլը կորցրեց իր հեղինակության զգալի մասը Հայաստանում այն պահից, երբ ռուս խաղաղապահները չմիջամտեցին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնազավթման ժամանակ, չնայած Մոսկվայի կողմից նախկինում տրված անվտանգության երաշխիքներին։ Շատ հայեր այդ քայլը մինչ օրս համարում են դավաճանություն։
«Ռուսաստանի հեղինակությունը Հայաստանում կտրուկ նվազել է: Նրա ազդեցության հնարավորությունները Հայաստանում սահմանափակ են. հին ռուսամետ կուսակցությունները վարկաբեկված են, իսկ Կարապետյանի շարժումը դեռեւս չունի համոզիչ քաղաքական տեսլական,» – ասում է Carnegie Europe վերլուծական կենտրոնի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը։
Հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի կուսակցությունը դեռեւս շարունակում է մնալ ամենաազդեցիկ քաղաքական ուժը, սակայն նրա վարկանիշը զգալիորեն նվազել է Լեռնային Ղարաբաղի կորստից հետո։ Միեւնույն ժամանակ, ոմանք նրան մեղադրում են ավելի ավտորիտար կառավարման եւ ընդդիմախոսներին համակարգված կերպով ռուսամետ պիտակավորելու մեջ։
«Այստեղ խնդիրը ավելի քիչ Ռուսաստանն է, քան անձերը: Փաշինյանը վրեժ է լուծում եկեղեցու առաջնորդից, որը հատկապես ժողովրդականություն չի վայելում իր եպիսկոպոսների շրջանում, եւ որոնցից շատերը դժգոհ են նրա քաղաքական գործունեությունից», – նշել է հայկական Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Վեճը հաճախ վերածվում է բացահայտ ֆարսի։
Անցյալ տարի Գարեգինին հավատարիմ հոգեւորականները մեղադրեցին վարչապետին «անթլփատ լինելու» մեջ՝ ենթադրելով, որ նա գաղտնի մուսուլման է եւ, հետեւաբար, Ադրբեջանի ու Թուրքիայի դաշնակից։ Պարոն Փաշինյանը պատասխանեց՝ առաջարկելով կաթողիկոսին ցույց տալ իր առնանդամը։
Վարչապետը միշտ չէ, որ կառավարում է ինքն իրեն։ Մարտին, քարոզարշավի ժամանակ, նա Երեւանի մետրոյում վիճաբանության մեջ մտավ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մի կնոջ հետ, որն իր փոքր որդու հետ էր, այն բանից հետո, երբ նրանք հրաժարվեցին կրել իր կուսակցական կրծքանշանները: Փաշինյանը, մատը թափ տվեց նրանց դեմքին, ծաղրեց պատերազմից փախչելու համար՝ անտեսելով իրենց հանգիստ թողնելու նրանց խնդրանքները։
Նման միջադեպերը ամրապնդել են այն պնդումները, որ նա դառնում է էլ ավելի անկայուն։
Այս ամսվա սկզբին Սամվել Կարապետյանը, որի կուսակցությունը խոստացել էր ստեղծել Սեքսի նախարարություն ժողովրդագրական խնդիրը լուծելու համար, պնդեց, որ վարչապետը Չինաստանից պատվիրել է մեկ տոննա հալյուցինոգեն սունկ՝ պաշտոնական հանդիպումների ընթացքում օգտագործելու նպատակով։ Պարոն Փաշինյանը հերքել է այս մեղադրանքը եւ դիմել դատարան։
Հաշվի առնելով ընթացող գործընթացների աշխարհաքաղաքական ենթատեքստը՝ Հայաստանի ընտրությունները չափազանց կարեւոր են, սակայն չափազանց տհաճ պատկեր են ներկայացնում, ինչը, անկասկած, մեծ հաճույք է պատճառում Կրեմլին։
«Շատ առումներով, Փաշինյանի համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ հենց ինքը՝ Փաշինյանը»,- նշել է արեւմտյան մի դիվանագետ։
Թարգմանությունը՝ Դիանա Մանուկյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: