Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կառավարության մայիսի 27-ի նիստում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:
Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:
Անդրադառնալով երթևեկության կանոնների խախտումների մասով զսպման մեխանիզմներին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշել է․ «Փորձում ենք հասկանալ, թե բալային սխեման ինչպես պետք է փոփոխենք և հատկապես օրինապահ և ոչ օրինապահ վարորդների դեպքում ինչպիսի ռեակցիաներ պետք է տանք, որովհետև դրանք պետք է լինեն տարբեր»։
ՆԳ նախարարի խոսքով՝ ոչ օրինապահ վարորդների դեպքում թե՛ տեխնիկական զննությունը, թե՛ ապահովագրության վճարները կամ մնացյալ հարցերը պետք է լինեն շատ ավելի խիստ կանոնակարգումների տիրույթում։
Արփինե Սարգսյանը նշել է՝ այս պահի դրությամբ մշակվում են նաև օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր, որպեսզի այս տեսանկյունից պետության վերաբերմունքը բալանսավորված լինի և ընկալելի լինի, որ խրախուսելի են բոլոր օրինապահ վարորդները։ Նախարարը որպես խրախուսման օրինակ նշել է ապահովագրական վճարի հետ կապված տարբեր բոնուսային մեխանիզմների ներդրումը, ավելին, քան գործում է այս պահի դրությամբ։
«Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին Կենտրոնական բանկի հետ արդեն կամփոփենք մեր քննարկումները և վերջնական մոդելը կներկայացնենք նաև Կառավարության քննարկմանը»,-հավելել է Արփինե Սարգսյանը։