Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարի ոչնչացնելու մասին

Քաղաքականություն

27.05.2026 | 17:23

Իսրայելը հայտարարել է, որ Գազային հարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի նորանշանակ հրամանատար Մոհամմեդ Օդեհին, ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ նրա նախորդը սպանվել էր նմանատիպ հարձակման ժամանակ, գրում է CNN-ը։

Օդեհը, որին Իսրայելը համարում էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման հիմնական կազմակերպիչ, ամիսներ շարունակ հսկվում էր իսրայելական հետախուզության կողմից։ Նա մահացել է Գազա քաղաքի այն վայրերի ուղղությամբ գործողության ժամանակ, որը նա «օգտագործում էր թաքնվելու համար», ասվում է Իսրայելի ռազմական և անվտանգության գործակալության համատեղ հայտարարության մեջ։

«Նրա ոչնչացումը զգալի հարված է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության վերականգնողական ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

Օդեհը Իզ ալ-Դին ալ-Քասամի բրիգադների ռազմական խորհրդի անդամ էր, ՀԱՄԱՍ-ի  ռազմական թևի հետախուզության ղեկավարը։ Իսրայելը նրան համարում էր ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ, այն բանից հետո, երբ այս ամսվա սկզբին սպանվեց նախկին առաջնորդ Իզ ալ-Դին ալ-Հադդադը։

«ՀԱՄԱՍ-ի հետախուզության շտաբը, Օդեհի հրամանատարության ներքո, օգնել և առաջ մղել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործունեությունն ու գործողությունները՝ սպառնալիք ստեղծելով Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի և Իսրայելի քաղաքացիական բնակչության համար»,- ասվում է Իսրայելի հայտարարության մեջ։

Իսրայելը սպանել է նաև ՀԱՄԱՍ-ի այլ բարձրաստիճան առաջնորդների, այդ թվում՝ Յահյա Սինվարին, նրա եղբորը՝ Մոհամմեդ Սինվարին և Մոհամմեդ Դեիֆին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment