ՌԴ փոխվարչապետը բացառում է Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառումը ԵԱՏՄ գագաթնաժողովում

Ռուսատանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բացառել է Աստանայում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովում Հայաստանի նկատմամբ սահմանափակող միջոցառումների կիրառումը։

Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցելու են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների ղեկավարները, տեղի կունենա Աստանայում մայիսի 28-ին։

«Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին խոսք չկա։ Պայմանագրում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է կոնսենսուս, և Հայաստանը, ինչպես գիտենք, չունի ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն։ Նրանք շատ լավ գիտակցում են ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ արտոնությունների շրջանակը և առևտրի ծավալը, ինչը մեծ մասամբ հնարավոր է դարձել Հայաստանի համար գոյություն ունեցող արտոնյալ ռեժիմների շնորհիվ», – ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Ըստ նրա՝ դրանք ներառում են զրոյական մաքսատուրքեր, ներդաշնակեցված ստանդարտներ և ներդաշնակեցված տեխնիկական կանոնակարգեր։ «Այսօր մեր շուկաները բաց են, և ապրանքների ազատ տեղաշարժ կա», – բացատրել է Օվերչուկը։

«Հետևաբար, իհարկե, հայերը շատ լավ հասկանում են Եվրասիական տնտեսական միությանը մասնակցելու առավելությունները և չեն ցանկանում դուրս գալ դրանից։ Նրանց հանրապետությունում կան քաղաքական ուժեր, որոնք հայտարարել են Եվրամիությանը մերձենալու և դրան միանալու իրենց նպատակի մասին։ Բոլորը հասկանում են, որ սա անհամատեղելի է. սա նոր իրավիճակ է, և այն պետք է գնահատվի», – հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Leave a comment