ՀՀ քաղաքացիներին կփոխհատուցվի հետադարձ տոմսերի արժեքը

Հայաստանի կառավարությունը մայիսի 27-ի նիստում հաստատել է Մերձավոր Արևելքի հակամարտության հետևանքով հայրենիք վերադարձած ՀՀ քաղաքացիների հետադարձ ավիատոմսերի արժեքի փոխհատուցման պարզեցված կարգը։ Այս պահի դրությամբ քաղաքացիները ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ) են ներկայացրել շուրջ 500 հայտ։

Ֆինանսական ծավալները և սահմանաչափերը Գործադիրի նիստին նախապատրաստված նախագծի համաձայն՝ ստացված դիմումները ներառում են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան (2-5 անձի համար) հայտեր։ Նախնական հաշվարկներով՝ փոխհատուցումների ամբողջական վճարման համար պետական բյուջեից կպահանջվի շուրջ 450 միլիոն դրամ (մոտ 1,2 միլիոն դոլար)։ Դիմումների մի մասն արդեն իսկ հաստատվել է, իսկ մնացածը գտնվում է ԱԳՆ-ի քննարկման փուլում։

Ծրագրի շրջանակներում սահմանվել է փոխհատուցման առավելագույն շեմ՝ մինչև 250 հազար դրամ (մոտ 660 դոլար) մեկ անձի համար։ Այս աջակցությունը նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր տարածաշրջանում հակամարտության սկսվելու պատճառով ստիպված են եղել հետադարձ տոմսերը ձեռք բերել բարձրացված գներով։

Պայմանները և դիմելու կարգը Փոխհատուցման տրամադրման համար գործում են հստակ սահմանափակումներ. վճարումն իրականացվում է բացառապես այն դեպքում, եթե ուղևորն ավիաընկերությունից կամ տուրիստական գործակալությունից որևէ այլ փոխհատուցում չի ստացել։ Այս կարգավորումից կարող են օգտվել նաև ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսանող ՀՀ քաղաքացիները։

Դիմումների ընդունումն իրականացվում է թվային եղանակով՝ e-request.am պետական պորտալի միջոցով։ Քաղաքացիները պետք է դիմումն ուղղեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում՝ գնված ավիատոմսի բնօրինակը կամ էլեկտրոնային տարբերակը և վճարումը հավաստող փաստաթուղթը։

Leave a comment