Վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման կարգը կփոխվի․ ինչպես է տեղի ունենալու գործընթացը

Կառավարության՝ մայիսի 27-ի նիստին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելի փոփոխության մասին որոշման նախագիծը:

Նախարարը հիշեցրեց՝ այս պահին վարորդական իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վերականգնումն իրականացվում է քննությունների միջոցով՝ անկախ այն հանգամանքից, թե զրկումն առաջին անգա՞մ է կիրառվել, թե՞ չէ: Այս համատեքստում նախարարը նաև խոսեց միջազգային փորձից՝ ընդգծելով, որ թե՛ զրկման, թե՛ տրամադրման իրավիճակներում տարբեր հանգամանքներ են հաշվի առնվում, որպեսզի կենտրոնացումը լինի վարորդի վարքագծի գնահատման վրա և փոփոխի այն:

Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ-ում կիրառել զրկման ժամկետի ավարտից հետո խիստ սահմանափակման հնարավորությամբ 6 տուգանային միավորի տրամադրման պայմաններում 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ սահմանելու մոդելը:

«Վարելու իրավունքի զրկման մասին ոստիկանության կողմից կայացված որոշումների՝ ուժի մեջ մտնելուց հետո, բնականաբար, քաղաքացիները, որպես կանոն, 1 տարի ժամկետով զրկված են լինում վարորդական իրավունքից: Այս ժամկետը չի փոփոխվում, պահպանվում է, այսինքն՝ 1 տարի շարունակ անձինք իրավունք չունեն վարելու իրենց տրանսպորտային միջոցը, ժամկետը լրանալուց հետո՝ 1 տարվա ընթացքում, անձինք կարող են դիմել և վճարելով պետական տուրքը, որը այս օրենսդրական նախաձեռնության շրջանակում կազմում է 50 հազար դրամ, վերականգնել իրենց իրավունքն առանց որակավորման քննությունների միայն մեկ անգամ: Դրանից հետո արդեն սահմանվում է փորձաշրջան՝ տալով խիստ սահմանափակ թվով բալեր, այն է՝ 6 բալային միավոր:

Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու պայմաններում, բնականաբար, վերականգնման ռեժիմը բացառապես քննությունների եղանակով վերականգնումն է»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ստանդարտ իրավիճակներում վարորդներն ունեն 13 բալային միավոր, իսկ վերականգնման պայմաններում կտրվի 6 բալային միավոր:

Եթե 6 բալային միավորը սպառվում է, կամ անձն այդ ժամանակահատվածում զրկվում է վարորդական իրավունքից, ավտոմատ կիրառվում է զրկման եղանակը, այն է՝ անձը 1 տարի ժամկետով չի կարողանում վարել տրանսպորտային միջոցը, մինչդեռ ստանդարտ պայմաններով 13 բալը սպառվելու դեպքում վարորդի իրավունքը կասեցվում է, ոչ թե զրկվում:

«Նախատեսվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2026 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը զրկված անձանց միայն 1 անգամ վերականգնելու հնարավորություն տալ՝ կրկին նույն մոդելի կիրառման պայմաններում, այսինքն՝ համապատասխան պետական տուրքի վճարում 13 բալի փոխարեն՝ 6 բալի սահմանում, փորձաշրջանի ժամկետի ամրագրում»,- պարզաբանեց նախարարը:

Որոշումը չի տարածվելու ՀՀ դատարանների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից զրկումներին, անձին անգործունակ ճանաչելու մասին՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռին, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեկան, հեգեմետ, հոգեներգործուն նյութերի օգտագործումով պայմանավորված, հիվանդությունների վերաբերյալ կամ առողջական վիճակով պայմանավորված դեպքերին առնչվող՝ վարելու իրավունքից զրկման որոշումներին:

Leave a comment