Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում 31 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվել

Քաղաքականություն

27.05.2026 | 11:51

Լիբանանի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի օդային հարվածների հետևանքով զոհվել է 31, վիրավորվել՝ 40 մարդ, ինչը Լիբանանում ապրիլին հրադադարի ուժի մեջ մտնելուց ի վեր ամենամահաբեր օրերից մեկն է, գրում է CNN-ը։

Նախարարությունը նշել է, որ զոհվածների և վիրավորների թվում կան երեխաներ և կանայք, նաև մեղադրել Իսրայելին հարավային Լիբանանի տարբեր վայրերում «կոտորածներ» իրականացնելու մեջ։

Այսօր ավելի վաղ իսրայելական ուժերը հայտարարել էին, որ «շարունակում են հարվածել «Հըզբոլլահ»-ի ահաբեկիչներին և ենթակառուցվածքներին Լիբանանի հարավում»։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց զորքերը «ոչնչացրել են «Հըզբոլլահ»-ի ահաբեկիչներին, որոնք ներգրավված էին Իսրայելի բանակի զինվորների դեմ հարձակումներում», նաև հարվածել հրթիռներ արձակելու համար օգտագործվող ենթակառուցվածքներին։

Լիբանանի իշխանությունները պնդում են, որ մարտի 2-ից, երբ «Հըզբոլլահ»-ը Լիբանանը ներքաշել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ՝ հարձակվելով Իսրայելի վրա, Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 3100 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment