ՊՆ-ն պարզաբանում է արել բանակի զինանշանի «սրբագրման» վերաբերյալ

Երեւան: Մեդիամաքս: Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե ինչու են փոխել բանակի զինանշանը:

Ըստ ՊՆ հայտարարության՝ 2001 թվականին հաստատված Հայաստանի զինված ուժերի նախկին զինանշանում «առկա էին մի շարք զինանշանագիտական, ձեւաբանական, գաղափարաբանական թերություններ»:  
«Բանակի կերպափոխման համատեքստում նախաձեռնվել է նաեւ զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը։ 
Նախկին զինանշանի հիմնական կերպարը՝ արծիվը, ունի հերալդիկ եւ գեղագիտական էական թերություններ։ Արծիվը պատկերված է փակ կտուցով։ Հերալդիկայում փակ կտուցը համարվում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, հաճախ ընկալվում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էությանը։ Բացակայում է արծվի հիմնական մարմինը՝ իրանը, այն ձուլված է ընդհանուր մակերեսին՝ ստեղծելով միայն փետուրներից հավաքված արծվակերպ պատկեր։ 
Բացակայում են արծվի վերջույթները, ճանկերը, զենքը. սա ստեղծում է անդամահատված, անզոր, խոցելի էակի տեսք, ինչն անթույլատրելի է բանակի խորհրդանիշի համար։
ՀՀ բանակի առաքելությունը ՀՀ ինքնիշխան տարածքի տարածքային ամբողջականությանը մշտապես պատրաստ լինելը»,- ասվում է ՊՆ հայտարարությունում:
Ըստ ՊՆ-ի՝ նախկին զինանշանի վրա ՀՀ դրոշը եւս «կոպտագույն սխալ է պատկերված»:
«Նոր զինանշանի կենտրոնական կերպարը՝ արծիվը, վերաիմաստավորվել է, պատկերված է լիակատար կենդանի եւ ամբողջական մարմնավորմամբ։ Հստակ երեւում են գլուխը, մարմինը, թեւերը եւ ճանկերը՝ հաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները։ Արծվի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակություն, պատրաստակամություն, զգոնություն, խոսքի եւ ուժի իրավունք, արծվի հստակ եւ դինամիկ կեցվածքն ուղղակիորեն խորհրդանշում է Հայաստանի բանակի արթնությունն ու մարտական ոգին, այն մարմնավորում է բանակի առաքելությունը՝ պաշտպանել Հայաստանի անկախությունը, սուվերենությունը եւ տարածքային ամբողջականությունը»,- ասվում է հայտարարությունում:

Leave a comment