Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների գլխավոր խոչընդոտը մնում են սառեցված իրանական միջոցները․ Fars

Բանակցային գործընթացին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է իրանական Fars գործակալությանը, որ Իրանի սառեցված ֆինանսական միջոցների փոխանցման հարցի լուծման բացակայության պայմաններում որևէ բանակցություն հնարավոր չէ։

Հաղորդվում է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների մեկնարկին խոչընդոտող հիմնական տարաձայնություններից մեկը վերաբերում է արգելափակված իրանական ակտիվների հասանելիությանը։ Այս հարցի կարգավորման ուղղությամբ միջնորդական դեր է ստանձնել Կատարը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը նախկինում հրաժարվել էր կատարել այս հարցով ստանձնած պարտավորությունները, սակայն Իրանը պահպանել է կոշտ դիրքորոշումը՝ հայտարարելով․

«Քանի դեռ համաձայնեցված գումարները չեն փոխանցվել, որևէ համաձայնություն հնարավոր չէ»։

Նշվում է, որ Կատարում անցկացված խորհրդակցությունների արդյունքում որոշ առաջընթաց է գրանցվել խնդրի կարգավորման հարցում։

Միաժամանակ, իրանական բանակցային թիմը, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից նախկինում պայմանավորվածությունների խախտման փորձը, դեռ չի դիտարկում ձեռք բերված պայմանավորվածությունները որպես վերջնական։

Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ «Իրանը պատրաստ է բոլոր հնարավոր սցենարներին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment