Բելգիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ 4 զոհ կա

Քաղաքականություն

26.05.2026 | 16:16

Բելգիայում 2 երեխա և 2 մեծահասակ է մահացել գնացքի և դպրոցական միկրոավտոբուսի բախման հետևանքով, հաղորդում է RTL TVI-ը՝ հղում անելով տրանսպորտի նախարար Ժան-Լյուկ Կրուքին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 8:08-ին Բրյուսելից 40 կիլոմետր արևմուտք գտնվող Բուգենհաութ համայնքում։ Ոստիկանությունը հայտնել է, որ բախման պահին ավտոբուսում եղել է 9 մարդ՝ 7 երեխա, վարորդը և ուղեկցորդը։ Անչափահասները հաճախում էին հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար նախատեսված Richtpunt Campus Buggenhout դպրոցը։

Գնացքի մոտ 100 ուղևոր տարհանվել է։ Նրանցից մեկը շոկի մեջ է եղել  և բժշկական օգնություն է ստանում, հայտնում է ֆլամանդական VRT-ն հղում անելով պաշտոնական տեղեկատվությանը։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ բախման պահին անցումը փակ է եղել, սակայն վթարի ճշգրիտ հանգամանքները դեռևս անհայտ են։

«Ուղեփակոցներն իջեցված էին, լուսացույցը կարմիր էր։ Չգիտենք, թե ինչպես կարող էր տեղի ունենալ վթարը։ Ոստիկանությունն ու դատախազությունը կհետաքննեն դեպքը»,- նշել է բելգիական Infrabel երկաթուղային օպերատորի խոսնակ Թոմաս Բաքենը։

Ըստ նրա՝ գնացքի մեքենավարը կիրառել է արտակարգ արգելակում, սակայն բախումից խուսափել չի հաջողվել։

Պատահարից հետո երկաթուղու այդ հատվածում երթևեկությունը դադարեցվել է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment