«Անկախ դիտորդը» հորդորում է վերանայել Երևանի գինու փառատոնի անցկացման ժամկետները

Հասարակություն

26.05.2026 | 19:04

«Անկախ դիտորդը» մտահոգիչ է համարել, որ հունիսի 5-7-ը Երևանում անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի երկու օրերը համընկնում են լռության և քվեարկության օրերի հետ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ միջոցառումը կարող է ազդել ընտրական գործընթացների վրա և հորդորել է կազմակերպիչներին ու Երևանի քաղաքապետարանին վերանայել փառատոնի ժամկետները։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Հունիսի 5-7-ը Երևանում անցկացվելու են Երևանի գինու օրեր ամենամյա փառատոնը։

Գիտակցելով, որ միջոցառումն ամենամյա է և մասնավոր նախաձեռնություն է, Անկախ դիտորդն այնուամենայնիվ մտահոգիչ է համարում, որ փառատոնի անցկացման երկու օրերը համապատասխանում են լռության օրվան և քվեարկության օրվան։

Ակնհայտ է, որ այսպիսի մասշտաբային միջոցառումը չի կարող զերծ մնալ, թե քարոզչական միջոցառումներից, թե անվտանգության ուժերի կենտրոնացումից և կխաթարի նաև քվեարկությունը այն տեղամասային կենտրոններում, որոնք գտնվում են նախատեսված միջոցառման մոտակայքում։

Անկախ դիտորդը հորդորում է միջոցառման կազմակերպիչներին և Երևանի համայնքապետարանին վերանայել միջոցառման ժամկետները այնպես, որ հունիսի 6-ին և 7-ին ապահովվեն ընտրական օրենսգրքով նախատեսված սահմանափակումները»։

Leave a comment