ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Մայիսի 26-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ԱԽՔԿ) հերթական նիստը, որին մասնակցեց նաև կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Նիստի մասնակիցները հանգամանորեն քննարկեցին ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ամրապնդման հետ կապված հարցերը։
ՀԱՊԿ ԱԽՔԿ նախագահ, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն մասնավորապես նշել է․
«Հիմնական սպառնալիքը գալիս է ՆԱՏՕ-ի բլոկից և դրա կազմում ընդգրկված այսպես կոչված «քաղաքակիրթ» Եվրոպայի երկրներից, որոնք տարվել են ռևանշիստական և միլիտարիստական մոլուցքով։ Դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն 2025 թվականի հաշվետվությունում հպարտությամբ հայտարարում է անդամ պետությունների ռազմական ծախսերի աճի մասին, որոնց ընդհանուր ծավալը գերազանցել է 1,5 տրլն ԱՄՆ դոլարը։ Առաջատարներն են Արևելյան Եվրոպայի և Բալթյան ոչ ամենահարուստ երկրները, որոնք իբր «պաշտպանության» նպատակով ծախսում են ազգային ՀՆԱ-ի շուրջ 4%-ը»։
Թաալաթբեկ Մասադիկովն իր ելույթում ընդգծել է․
«Ամենաբարդ իրավիճակը շարունակում է պահպանվել հավաքական անվտանգության արևելաեվրոպական տարածաշրջանում։ Եվրոպական անվտանգության համակարգի հիմքը երկար ժամանակ կազմած միջազգային պայմանագրերի համակարգի փաստացի դադարեցման պայմաններում արևմտյան մի շարք երկրների առաջնորդներ ընտրել են միլիտարիզացիայի և պատերազմի նախապատրաստման ուղին»։
Նիստի շրջանակում Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները ստորագրել են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության ծրագիր։
Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «ՀԱՊԿ անդամ պետությունների հակաահաբեկչական ռազմավարության մասին մինչև 2030 թվականը» որոշման նախագիծը և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի «2026–2030 թվականների համար ՀԱՊԿ անդամ պետությունների հակաթմրանյութային ռազմավարության իրականացման միջոցառումների համալիրի մասին» որոշումը։