ՌԴ–ն ունի 2 «կարմիր գիծ»՝ միջուկային զենքն ու իր սահմանակից տարածքների երկաթգծերը. Դանիելյան

 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրել է.

«2004-ի հունվարին Միխեիլ Սաակաշվիլին ստանում է քվեների 96,2%-ը և դառնում Վրաստանի նախագահ:

2004-ի դեկտեմբերին Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տրանսպորտային եռակողմ հանձնաժողովը սկսում է քննարկել Բաքու-Թբիլիս-Կարս երկաթգծի կառուցման նախագիծը:

2005-ի փետրվարին Վրաստանի Գորի քաղաքում պայթեցվում է Ոստիկանության բաժանմունքը: Երեք ոստիկան մահանում է, մոտ 30 քաղաքացիական անձ` վիրավորվում: Նախագահ Սաակաշվիլին պնդում է, որ ոճրագործները «Վրաստանի թշնամիներն էին», բայց անուններ չի տալիս:

2005-ի ապրիլին, երբ տրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մեկնարկը, երեք երկրների նախագահները հայտարարեցին, որ արդեն կարելի է միջոցներ հայթայթել ԲԹԿ երկաթգծի կառուցման համար: Նույն ամսվա ընթացքում Սաակաշվիլին պահանջեց արագացնել ՌԴ զինված ուժերի Վրաստանի տարածքից դուրս բերել: Դուրս բերելու պարտավորությունը ՌԴ-ն ստանձնել էր 1999-ի նոյեմբերի 18-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում: Նույն գագաթնաժողովում ստորագրվեց ԲԹՋ նավթամուղի կառուցման համաձայնագիրը: ՌԴ նախագահ Ելցինը այդ գագաթնաժողովում վեճի բռնվեց արևմտյան առաջնորդների հետ և վաղաժամ լքեց այն (մեկ ամիս անց նա հրաժարական տվեց):

2005-ի մայիսին Վրաստանն ու ՌԴ-ն ստորագրում է ռուսական զորքերը Վրաստանի տարածքից դուրս բերելու մասին հռչակագիրը:

2005-ի հուլիսին Վրաստանի պառլամենտի ղեկավարները պնդում են, որ Գորիի պայթյունը ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է: Հարաբերությունները հետզհետե սրվում են:

2006-ի մարտին ՌԴ-ն արգելում է վրացական գինիների և հանքային ջրերի ներմուծումը Ռուսաստան` վնասակար նյութերի առկայութան պատճառով:

2006-ի սեպտեմբերին վրաց իրավապահները ձերբակալում են ՌԴ ռազմական հետախուզության 4 սպա և 12 վրացի` նրանց մեղադրելով լրտեսության մեջ: Իրավապահները նաև շրջափակում են Վրաստանում` ՌԴ զինված ուժերի գլխամասը, պահանջելով իրենց հանձնել 5-րդ սպային, ով մեղադրվում էր Գորիի պայթյունը կազմակերպելու մեջ:

2007-ի սեպտեմբերին Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը Վրաստանին է հատկացնում` երկաթգծի կառուցման համար նախատեսված առաջին վարկը: ԵՄ-ն ու ԱՄՆ հրաժարվեցին այն ֆինանսավորել ,քանի որ անընդունելի էին համարում Հայաստանի դուրս մղումը տարածաշրջանային ինտեգրացիայից: ԵՄ-ին այդ ծրագիրը պետք չէր, իրենց այլ ծրագիր էր պետք:

2007-ի նոյեմբերին, վերջնաժամկետից մեկ տարի շուտ, ՌԴ-ն դուրս է բերում իր զորքը Վրաստանից:

2008-ի մայիսին ՌԴ ինժիներական զորքերը ժամանում են Աբխազիա և սկսում վերակառուցել Աբխազիան ՌԴ-ի հետ կապող երկաթգիծը: Աբխազիայի ղեկավարությունը պնդում է, որ դա կրում է մարդասիրական բնույթ: Վրաստանը միջազգային կառույցներին իր բողոքի նոտան է ներկայացնում, պդնելով, որ դա կրում է զուտ ռազմական, ոչ թե մարդասիրական բնույթ:

2008-ի հունիսին ռուսական զորքերը ավարտում են 58 կիլոմետր երկարությամբ երկաթգծի և մի քանի կամուրջների վերականգնումը: Նույն ամսվա ընթացքում կտրուկ սրվում է իրավիճակը Չեչնյայում, Դաղստանում և Ինգուշեթիայում:

2008-ի հուլիսին Թուրքիայի Կարս քաղաքից սկսում են կառուցել ԲԹԿ երկաթգծի թուրքական հատվածի առաջին ռելսերը:

2008-ի օգոստոսին սկսվում է ռուս-վրացական հինգօրյա պատերազմը: Ռուսական զորքերը մտնում է Վրաստան և գրավելով, իջնում մինչև Գորի: Հետ քաշվելուց առաջ ՌԴ զորքերը պայթեցնում են Վրաստանի կենտրոնում գտնվող Կասպի քաղաքի կամուրջը, որը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կարևոր հանգույց էր: Պայթեցվում են նաև Աբխազիան ու Օսիան Վրաստանի հետ կապող կամուրջները:

Նույն 2008-ի հունվարին Ուկրաինան սկսում է բանակցությունները ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ:

2013-ի նոյեմբերին Յանուկովիչը հրաժարվում է ստորագրել արդեն բանակցված և համաձայնեցված ասոցացման պայմանագիրը: Անմիջապես սկսվում է Եվրոմայդանը:

2014-ի փետրվարին նախագահ Յանուկովիչը հրաժարական է տալիս: 5 օր անց ՌԴ-ն մտնում է Ղրիմ, հետո Դոնբաս:

2014-ի հունիսին Պորոշենկոն դառնում է նախագահ, Ուկրաինան ստորագրում է ասոցացումը և սկսում է բանակցել ԵՄ-ի հետ սովետական 1,520մմ-նոց երկաթգծի մի հատվածը եվրոպական ստանդարտի 1,433մմ-նոց երկաթգծով փոխարինելու և արևմտյան Լեհաստանի հետ կապելու նախագիծը, որը և իսկզբանե նախատեսված էր եվրոասոցացման համաձայնագրով: Սակայն Պորոշենկոյի տարիներին գործը տեղից չի շարժվում Դոնբասում հակամարտության էսկալացիայի վտանգի պատճառով:

2019-ի մայիսին Զելենսկին ընտրվում է նախագահ, իսկ նոյեմբերի 28-ին Ուկրաինան վերադառնում է թեմային և իր ներդրումային ատլասում ներառում է եվրոպական լայնքով երկաթգծի կառուցման կետը:

2019-ի դեկտեմբերի 9-ին տեղի է ունենում Պուտինի և Զելենսկու առաջին և վերջին հանդիպումը Փարիզում Նորմանդական ֆորմատով: 8 ժամ տևած բանակցությունները ավարտվում են անպտուղ:

2020-ի փետրվարին Ուկրաինայի կառավարությունը հաստատում է երկու կարճ ճյուղերի կառուցման նախագծերը երկրի արևմուտքում (Մոստիսկայում և Յագոդնիում):

2021-ի փետրվարին Ուկրաինան հայտարարում է, որ նախատեսում է կառուցել 2000կմ եվրոպականացված երկաթգիծ որը կանցնի ողջ երկրի երկայնքով Լվովից մինչև ՌԴ սահման: Ապրիլին Պուտինը իր տարեկան զեկույցի ընթացքում զգուշացնում է Արևմուտքին չհատել ՌԴ-ի «կարմիր գծերը»: Մայիսին նա հրապարակում է իր հոդվածը ռուս-ուկրաինական միասնության մասին: Նոյեմբերին ՌԴ-ն զորք է սկսում կուտակել Ուկրաինայի սահմանին զորավարժության անվան տակ: Դեկտեմբերին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակում է ՆԱՏՕ-ն դեպի արևելք չընդլայնելու մասին իր կողմից առաջարկվող համաձայնագրի կետերը:

2022-ի հունվարին ՆԱՏՕ-ն մերժում է համաձայնագիրը: Փետրվարին սկսվում է պատերազմը:

2025-ի սեպտեմբերին շահագործման է հանձնվում առաջին եվրոպականացված գիծը, սակայն դեռ ևս միայն արևմտյան Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում:

Հետսովետական երկրներում երկաթգծերի բոլոր բարեփոխումները միշտ ներկայացվում են որպես բիզնես ծրագրեր, բայց իրականում միշտ կրում են ռազմական նշանակություն: Կա երկաթգիծ՝ ՆԱՏՕ-ն կարող է զորք բերել, չկա երկաթգիծ՝ չկա զորք: Լեհաստանը մինչ օրս չի փոխել իր տարածքի արևելյան կեսի վրա դեռ ցարական Ռուսաստանի ժամանակվանից գտնվող երկաթգծի լայնությունը, իր մյուս արևմտյան կեսի հետ համատեղելի դարձնելու համար: Լեհերը, որ ՌԴ-ի հետ ընդհանուր սահման չունեն (արանքում Բելոռուս կա), մինչ օրս դա չեն անում, քանի որ գիտեն` ինչ ինտիմ բնույթի հարց է դա Ռուսաստանի համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ: Մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը դա չէին արել նաև Մերձբալթյան երկրները: Պատերազմի մեկնարկից անմիջապես հետո նրանք էլ են սկսել եվրոպականացնել երկաթգիծը ու կավարտեն մի 4 տարուց: Նույն վիճակը Ֆինլանդիայում է: Իսկ օրինակ Իրանի երկաթգիծն իսկզբանե կառուցվել է Եվրոպական ստանդարտներով:

Ռուսաստանը ունի երկու աշխարհաքաղաքական էռոգեն զոնա, երկու «կարմիր գիծ»՝ մեկը իր միջուկային զենքն է, մյուսը իր սահմանակից տարածքների երկաթգծերը: Դրանցից ավելի ինտիմ կետեր չկան»:

Leave a comment