Գազ, շուկա և ՀԱՊԿ․ Պետդուման սպառնացել է վերանայել հարաբերությունները Հայաստանի հետ






Մայիսի 26-ին Պետդումայում անցկացվել է կլոր սեղան՝ «Հայաստանն առանց Ռուսաստանի և Ռուսաստանն առանց Հայաստանի․ պատճառներ, արդյունքներ և հետևանքներ» թեմայով։ Քննարկման արդյունքներով մասնակիցները համաձայնեցրել են մի շարք առաջարկություններ։ Գլխավորը՝ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին աստիճանաբար կասեցնելու առաջարկն է։


Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշել է, որ նախկինում սադրիչ համարվող թեման այսօր դարձել է «աշխատանքային օրակարգ»։ Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանը հետևողականորեն շարժվում է դաշնակցային հարաբերությունների խզման ուղղությամբ․ երկիրը ՄԱԿ-ում քվեարկում է Ռուսաստանի դեմ, միանում է առանձին պատժամիջոցային նախաձեռնությունների, իսկ 2025 թվականի մարտին սկսել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։ Կալաշնիկովը շեշտել է, որ դա փաստացի նշանակում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։

«Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամակցության դիվիդենտներից՝ միաժամանակ հեռանալով դաշնակիցներից։ Սակայն, ինչպես արդեն ասվել է, անհնար է անվերջ օգտվել դաշնակցային առավելություններից՝ վարելով դաշնակցի նկատմամբ թշնամական քաղաքականություն։ Մենք վաղուց ասում ենք, որ դաշնակցությունն ու գործընկերությունը երկկողմանի փողոց են։ Միակ լեզուն, որը հասկանում է ներկայիս երևանյան ռեժիմը, սիմետրիկ և ասիմետրիկ միջոցների լեզուն է։ Եվ ժամանակն է սկսել խոսել հենց այդ լեզվով», — նշել է Կալաշնիկովը։


Պատգամավորը նաև ներկայացրել է հարաբերությունների վերանայման տնտեսական հիմնավորումները․ Հայաստանի համար ռուսական գազի գինը կազմում է 177,5 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց, մինչդեռ եվրոպացի սպառողները վճարում են զգալիորեն ավելի։ Ռուսաստանից դրամական փոխանցումները 2024 թվականին կազմել են 3,9 միլիարդ դոլար՝ Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13 տոկոսը, իսկ հանրապետության գյուղատնտեսական արտահանման գրեթե ամբողջ ծավալն ուղղվում է ռուսական շուկա։ Կալաշնիկովի կարծիքով՝ նման հարաբերությունների մոդելը վերաիմաստավորման կարիք ունի։

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բարեկամական կապերից հրաժարվելը լուրջ սխալ է և կարող է հանգեցնել ԵԱՏՄ անդամակցության հետ կապված տնտեսական և քաղաքական առավելությունների կորստի։ Տոլստոյը նաև կասկածի տակ է դրել Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու պարզեցված կանոնների և հայկական բիզնեսի գործունեության պահպանման հնարավորությունը, եթե երկկողմ հարաբերությունները շարունակեն վատթարանալ։


«Ցավոք, վերջին մի քանի ամիսների ընթացքում թե՛ Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչների, թե՛ գործադիր իշխանության կողմից հնչել են մի շարք հայտարարություններ և կատարվել գործողություններ, որոնք վկայում են երկրի ղեկավարության՝ եվրոպական կամ ամերիկյան ուղղությամբ արագ վերակողմնորոշման մասին։ Դա, իհարկե, մեզ մոտ ափսոսանք է առաջացնում, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը հետևողականորեն անտեսում է նաև ՀԱՊԿ մակարդակով հանդիպումները», — հայտարարել է Պետդումայի փոխխոսնակը։

Անվտանգության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լուգովոյը Երևանի գործողությունները կապել է արտաքին ազդեցության հետ և Հայաստանի իշխանություններին մեղադրել երկիրը «արևմտյան հովանավորների ռուսատյաց ակտիվի հավաքագրման հարթակի» վերածելու մեջ։

«Անհրաժեշտ է ստեղծել, և սա կարևոր հարց է, հակառուսական որոշումների, գործողությունների և նախագծերի պաշտոնական ռեեստր՝ կապված հայկական ուղղության հետ։ Յուրաքանչյուր որոշում պետք է ունենա իր գինը և հետևանքները՝ քվեարկություն, արտաքին ռազմական կառույցների հետ համաձայնագիր, ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ խտրականություն, ռուսերեն լեզվի դուրսմղում, դաշնակցային պարտավորություններից հրաժարում, պատժամիջոցային նախաձեռնությունների աջակցություն», — ասել է Լուգովոյը։

Միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը չի բացառել, որ ռուս խորհրդարանականները կարող են հարցականի տակ դնել Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում շարունակական մասնակցության նպատակահարմարությունը՝ ԵՄ-ի հետ մերձեցման ֆոնին, ինչը, նրա կարծիքով, հակասություն է ստեղծում ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորությունների հետ։




Leave a comment