«Ուկրաինան երբեք չի սպառնացել Բելառուսին». Զելենսկին Կիևում հանդիպել է Սվետլանա Տիխանովսկայային

Քաղաքականություն

26.05.2026 | 19:51

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և նրա թիմի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք բոլորս աջակցում ենք բելառուս ժողովրդի՝ ռուսական միջամտությունից ազատվելու ձգտմանը, և գիտենք, որ Ռուսաստանը հիմա փորձում է Բելառուսին ավելի խորը ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։ Ուկրաինան երբեք չի սպառնացել Բելառուսին։ Եվ մենք շնորհակալ ենք այն բելառուսներին, ովքեր այժմ կանգնած են Ուկրաինայի կողքին, երբ որոշվում է մեր անկախության և Ռուսաստանին սահմանակից յուրաքանչյուր ազգի անկախության ճակատագիրը»,- գրել է նա սոցցանցերում հանդիպումից հետո։

Բելառուսի ներկայացուցիչները մասնակցել են Կիևում ընթացող Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին։

«Վերջերս [Բելառուսի նախագահ Ալեքսանդր] Լուկաշենկոն ասել էր, որ ժամանակն է, որ Ուկրաինայի և Բելառուսի նախագահները հանդիպեն։ Հետաքրքիր ստացվեց՝ ասաց Լուկաշենկոն, իսկ ժամանեց Սվետլանա Տիխանովսկայան»,- շեշտել է Զելենսկին։

Սվետլանա Տիխանովսկայայի Կիև ժամանման ֆոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ անցյալ շաբաթ երկրի սահմանները հատել է 116 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նա հավելել է, որ այդ «ներխուժումներից» ոչ բոլորն են պատահական եղել։ Վոլֆովիչը հայտարարել է, որ Ուկրաինան փորձում է «հարվածել սահմանային ենթակառուցվածքների տարրերին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment