ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը. Թրամփը՝ Ալիևին

Քաղաքականություն

26.05.2026 | 19:25

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական նամակում։

«2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովից ի վեր մենք միասին աշխատել ենք մեր հարաբերությունները վերականգնելու համար, և արդյունքում փոխնախագահ Վենսը 2026 թվականի փետրվարի 10-ին Բաքվում ձեզ հետ ստորագրեց մեր ռազմավարական գործընկերության խարտիան։ Մենք խորացնում ենք գործընկերությունը տարածաշրջանային հարաբերություններում, տնտեսական հարաբերություններում և անվտանգության  ոլորտում  համագործակցության մեջ, և մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը այս, ինչպես նաև այլ ոլորտներում»,- ասվում է նամակում։

Միաժամանակ, Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությանը:

«Մեզ ոգեշնչում  են Ադրբեջանի ջանքերը՝ առաջ մղելու Ձեր կողմից անցյալ տարվա օգոստոսին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, ինչպես նաև սահմանների սահմանազատման շարունակվող  գործընթացը, 2026 թվականի հունվարին չորս հայ ձերբակալվածների ազատ արձակումը, Հայաստանին վառելիքի մատակարարումը և «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը, որը միավորում է երկու երկրների քաղաքացիական հասարակություններին»,- նշվում է ԱՄՆ նախագահի նամակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment