Սպասում ենք ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան սահմանների բացմանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.05.2026 | 19:12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում՝ մասնավորապես Սյունիքում, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք, ըստ նրա, պետք է նպաստեն երկրի շրջափակման հաղթահարմանը և տարածաշրջանային կապերի բացմանը։

Փաշինյանը նշել է, որ ներկայում կառուցվում է Հյուսիս-հարավ ավտոճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածը, որտեղ կառուցվելու է 720 մետր երկարությամբ կամուրջ։ Նա նաև նշել է, որ Իրանի հետ սահմանին կառուցվում է Ագարակի մաքսակետը, իսկ շուտով մեկնարկելու է նաև TRIPP նախագիծը։

Վարչապետի խոսքով՝ այդ նախագիծը վերջնականորեն և անշրջելիորեն հաղթահարելու է Հայաստանի շրջափակումը և Հայաստանը կոնֆլիկտի փակուղուց վերածելու է «խաղաղության խաչմերուկի»։ Փաշինյանը շեշտել է, որ TRIPP նախագիծն իրականացվելու է Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հիման վրա։

Նա նաև անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների թեմային՝ նշելով, որ արդեն բացվել է Ախալքալաք-Կարս երկաթուղին, ինչը հնարավորություն է տվել Հայաստանին ունենալ երկաթուղային կապ դեպի արևելք և արևմուտք։ Վարչապետը հավելել է, որ սպասվում է նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացում։

Վարչապետը նաև խոսել է տրանսպորտային սահմանափակումների տնտեսական հետևանքների մասին՝ նշելով, որ դրանք էական ազդեցություն են ունենում ապրանքների ինքնարժեքի վրա։ Նրա խոսքով՝ թուրքական ապրանքները տարիներ շարունակ տարբեր միջնորդ երկրների միջոցով են հասել Հայաստան, ինչի հետևանքով ավելացել են տրանսպորտային և վարչարարական ծախսերը։ Փաշինյանը նշել է, որ մոտ 10 օր առաջ վերացվել է Թուրքիայից Հայաստան և Հայաստանից Թուրքիա ապրանքների արտահանման արգելքը, ինչը, ըստ նրա, նոր տնտեսական հնարավորություններ է ստեղծում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան

Leave a comment