Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիի անվան մրցանակներ՝ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի սաներին

2026 թվականի մայիսի 26-ին Երեւանում կազմակերպված Impacture 2026 կոնֆերանսի խոսնակները եւ հյուրերը ոչ միայն բարեգործությանը, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը (ԿՍՊ) եւ հանրօգուտ ներդրումներին վերաբերող քննարկումների մասնակցեցին, այլեւ գեղեցիկ եւ խորհրդանշական միջոցառման ականատես դարձան:
2009 թվականին Մեդիամաքսը նախաձեռնել էր Armenia Grateful 2 Rock նախագիծը, որի նպատակն էր երախտագիտություն հայտնել Սպիտակի երկրաշարժից հետո գործարկված Rock Aid Armenia նախաձեռնության հեղինակ Ջոն Դիիին եւ մասնակից երաժիշտներին: 
1989 թվականին ծնված բարեգործական նախաձեռնությունը 20 տարի անց նոր լիցք ստացավ, որի գլխավոր արդյունքը Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի
նոր շենքն էր, որը 2013 թվականին շահագործման հանձնվեց Մեդիամաքսի, ավստրալիական Do Something կազմակերպության եւ Հայ Օգնության Ֆոնդի համատեղ ջանքերով՝ Deep Purple խմբի վոկալիստ Իեն Գիլանի եւ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի անմիջական մասնակցությամբ: 
Գիլանն ու Այոմին 2010 թվականին հիմնադրել էին WhoCares սուպեր-խումբը՝ դպրոցի նոր շենքի համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
2019 թվականի հունիսին IDBank-ի գլխավոր գործընկերության շնորհիվ Հայաստանում նշվեց Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակը, որի շրջանակում Իեն Գիլանի եւ Թոնի Այոմիին եղան նաեւ Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում:
Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ասել է.
«Impacture 2026 կոնֆերանսին ընդառաջ IDBank-ի եւ IDram-ի հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանի միասին մի համարձակ գաղափար ունեցանք՝ Իեն Գիլանին եւ Թոնի Այոմիին առաջարկենք ամենամյա մրցանակ սահմանել դպրոցի աշակերտների՝ վոկալիստների եւ քանոն նվագողների համար: 
Նրանք սիրով համաձայնեցին, IDBank-ն էլ ստանձնեց մրցանակների դրամական մասի ապահովումը՝ 150 000-ական դրամ յուրաքանչյուր անվանակարգի համար:
Իեն Գիլանի դեպքում վոկալիստի ընտրությունն ակնհայտ է, բայց քանոնի ընտրությունն էլ պատահական չէ: 2009 թվականին, երբ ռոք-աստղերին առաջին անգամ էինք Հայաստան հրավիրել, մի երեկույթի ժամանակ կենդանի երաժշտություն կար եւ տեսա, որ Թոնի Այոմին մոտեցել է քանոնահարին ու մեծ հետարքրքությամբ ուսումնասիրում է նրա «մատնոցները»: 
Պատանի տարիքում գործարանում հաստոցի վրա աշխատելիս նա «թռցրել» էր մի ձեռքի երեք մատների ծայրերը եւ իր հին կաշվե բաճկոնից «մատնոցներ» էր պատրաստել, որպեսզի կարողանա հպում ապահովել լարերի հետ եւ շարունակի կիթառ նվագել: Քանոնահարի «մատնոցները» նմանեցրել էր իր «մատնոցներին»»:
Դպրոցի ղեկավարությունը տրամադրել էր մի քանի վոկալիստ եւ քանոնահար աշակերտների ելույթների տեսագրությունները, որոնցից Իեն Գիլանը եւ Թոնի Այոմին ընտրել էին 6-րդ դասարանի աշակերտ Նարեկ Զաքարյանին (վոկալ) եւ 4-րդ դասարանի աշակերտ Մոնիկա Ներսիսյանին (քանոն):
Խորհրդանշականն այն է, որ երկուսն էլ ծնվել են 2013 թվականին, երբ բացվել էր դպրոցի նոր շենքը:
Տաթեւիկ Վարդեւանյանը, մասնավորապես, ասել է.
«Rock Aid Armenia-ն երկարաժամկետ ազդեցության ծրագիր է, որը կյանքեր է փոխել, կրթօջախ է վերածնել, որտեղ այսպիսի շնորհալի աշակերտներ կան: IDBank-ում եւս մեր ծրագրերն ընտրում ենք երկարաժամկետ ազդեցության սկզբունքով: Վստահ ենք,
որ անգամ փոքր ներդրումը կարող է մեծ արդյունք ապահովել եւ դա ապացուցում ենք 6 տարի շարունակ «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցով»:
Impacture 2026 կոնֆերանսի գործընկերներն էին Ucom-ը, IDBank-ը, JTI Armenia-ն, Թուֆենկյան հիմնադրամը եւ HENDERSON Armenia-ն:
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի

Leave a comment