Հասարակություն
26.05.2026 | 18:18
Factor TV-ի լրագրողը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի ասուլիսի ժամանակ հարց ուղղեց պաշտոնյային՝ խնդրելով մեկնաբանել Գյումրիում քարոզարշավի ժամանակ գերիների հարցի վերաբերյալ իր կողմից հնչեցված «ծնգըլ արեցիք» արտահայտությունը։
Արարատ Միրզոյանը հերքեց այն պնդումները, թե իր խոսքն ուղղված է եղել գերիների թեմային՝ նշելով, որ լսելի չի եղել հարցն իր համար։
«Լավ ես չեմ հասկանում՝ որևէ մեկը կարո՞ղ է մտածել, որ լրջորեն գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել՝ «ծնգըլ արեցիք»։ Չափազանց շահագրգիռ պետք է լինել իրականությունը լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի էդպես մատուցվի։ Նույնիսկ չգիտեմ՝ մամուլի ներկայացուցիչները՝ դուք և ձեր գործընկերներն եք տենց ներկայացրել, թե՞ հետո ինչ-որ մեկի հուշումով կամ ուղղորդմամբ էդպես է մանիպուլացվում»,- ասաց Միրզոյանը։
Նրա խոսքով՝ «ծնգըլ արեցիք» արտահայտությունը վերաբերել է հենց լրագրողների աշխատելաոճին, այլ ոչ թե գերիների խնդրին։
«Բնականաբար «ծնգըլ արեցիք»-ը ողջ սիրով և հարգանքով վերաբերում էր ձեզ, և ոչ թե հենց էն հարցին, որը ասում եք։ Իսկ դուք երբեմն, եկեք խոստովանենք, կամ գոնե դուք ինքներդ ձեզ կխոստովանեք, հրաշալի հատկություն ունեք մարդկանց ծնգըլ անելու, և գուցե դա մասնագիտական պարտավորություն է ինչ-որ առումով նաև»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում հանրահավաքի ժամանակ Արարատ Միրզոյանը, լսելով գերիների վերաբերյալ հարցը, հնչեցրել էր «ծնգըլ արեցիք» արտահայտությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան