Ի՞նչ է խոստանում «Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցությունը
«Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացվեց աղոթքից հետո։
Կուսակցության պատգամավորի թեկնածու, ընտրական ցուցակի երկրորդ համար Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց՝ իրենց ծրագիրը պարզապես հերթական քաղաքական տեքստը չէ, այն «լուրջ և մնայուն արժեք է»։
Բաժանվող ծրագրային թերթիկների վրա առանձնանում էր կուսակցության ընտրական համարը՝ 9-ը։ Թիվը պատկերված էր նախշազարդ ոճով, որի ուրվագծերում նկատվում էր եկեղեցու պատկեր հիշեցնող խորհրդանիշը։ Թերթիկի ներքևում գրված էր՝ «Ազգային այլընտրանք կա՛»։
Կուսակցության ծրագրի առանցքային գաղափարներից մեկը Չորրորդ Հանրապետության ստեղծումն է։ Հովհաննիսյանի խոսքով՝ աշխարհը կանգնած է նոր աշխարհամարտի եզրին, և հենց այդ պատճառով անհրաժեշտ է «նոր պետություն», որի ինքնիշխանությունը պաշտպանված կլինի, և որը կխուսափի օտարների կամակատարների միջոցով ինչ-որ պահանջներ կատարել։
«Մենք նախաձեռնելու ենք Չորրորդ Հանրապետության մասին օրենսդրական ակտի ընդունում»,- հայտարարեց Հմայակ Հովհաննիսյանը՝ Երրորդ Հանրապետությունը որակելով որպես «պատմության ողբերգական էջ»։
Ըստ ծրագրի՝ Չորրորդ Հանրապետության Սահմանադրության ընդունումը պետք է դառնա նորընտիր Ազգային ժողովի կարևորագույն առաքելություններից մեկը։
Կաթոլիկ, Առաքելական և Ավետարանական հավատքի եղբայրները՝ Առաքելական Սուրբ եկեղեցու հովանու տակ
Հմայակ Հովհաննիսյանը մեջբերեց Եղիշե Չարենցի հայտնի պատգամը․
«Ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»։
Դրան հաջորդեց կուսակցության պատկերացրած «հավաքական ուժի» բացատրությունը։ Ըստ Հովհաննիսյանի՝ այդ միասնությունը պետք է կառուցվի հայ քրիստոնյաների համախմբման միջոցով։
Ծրագրում առանձին կետ է հատկացված Հայ առաքելական եկեղեցու դերին։ Ըստ դրա՝ եկեղեցին պետք է խրախուսի հայ քրիստոնյաների միավորումը՝ անկախ դավանանքից։
«Հայ եկեղեցին պարտավորություն կունենա իր հովանու տակ վերցնել թե առաքելական, թե կաթոլիկ, թե ավետարանական հավատքի եղբայրներին»,- հայտարարեց նա։
Անվճար տրանսպորտ և բժշկություն
Ծրագրի առավել կարևոր կետերը, ըստ վարչապետի թեկնածու, ընտրական ցուցակի վարչապետի թեկնածու Արտակ Սարգսյանի և Հմայակ Հովհաննիսյանի, վերաբերում են սոցիալական խոստումներին։ Նրանց խոսքով՝ ծրագրի հիմնական առաջարկներից է ՀՀ բոլոր քաղաքացիների համար անվճար տրանսպորտի և անվճար բուժօգնության ապահովումը։
Գույքահարկի զրոյացումից մինչև «Սփյուռքի պալատ»
Ծրագրի մյուս հատվածում կուսակցությունը խոստանում է ամբողջությամբ զրոյացնել գույքահարկը և փուլային տարբերակով վերադարձնել նախկինում վճարված գույքահարկը, ինչպես նաեւ վերանայել վաուչերային սեփականաշնորհման գործընթացը, խթանել «Անկախ դատական համակարգի» ձևավորումը, կրթությունը դարձնել անվճար և ապահովել որակյալ ուսում։
Իսկ կառավարման մոդելի մասով առաջարկվում է երկպալատանի համակարգ, որտեղ պալատներից մեկը պետք է ներկայացնի Սփյուռքը։