Գերի ունենալով չես կարող գլուխդ բարձր պահել. Գագիկ Ծառուկյան

Բաժանորդագրվել

Քաղաքական գործիչը նշեց, որ չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա, կա միայն այդ խնդիրը լուծել չցանկանալու միտում։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջարկում է հայ գերիների հարցի վերաբերյալ դիմել աշխարհի գերտերությունների առաջնորդներին։ Այս մասին Ծառուկյանն ասաց ասուլիսի ժամանակ։

«Երբ գերիներ ունես, քո գեներալներն ու զինվորները այնտեղ են (նկատի ունի Ադրբեջանում – խմբ.), հետևաբար չես կարող գլուխդ բարձր պահել։ Պետք է այդ հարցով զբաղվել, ու կարելի է դիմել Ալեքսանդր Լուկաշենկոյին, Վլադիմիր Պուտինին, Դոնալդ Թրամփին, Էմանուել Մակրոնին։ Չկա խնդիր, որ լուծում չունենա, միայն կա դատարկ–դատարկ խոսել կամ չկարողանալ այդ ծանրության տակ մտնել։ Բանակցել կարող է ծանոթություն, շրջապատ ունեցողը»,– նշեց Ծառուկյանը։

Քաղաքական գործիչը վստահ է` հարցը կարող է լուծվել դիմելով և միջնորդի միջոցով։ Ըստ Ծառուկյանի` գերիներ ունենալու պարագայում չի կարող երաշխավորված խաղաղություն լինել։

Հիշեցնենք՝ այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին դատապարտեց 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման: Այս գործով ընդհանուր առմամբ անցնում էր 15 անձ։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել էր և քննվում էր առանձին վարույթում: Վարդանյանը հրաժարվել է դատավճռի բողոքարկումից. նա չի ճանաչում դատավճիռը որպես արդարադատության իրավական ակտ և այն համարում է քաղաքական շարժառիթներով և անօրինական հետապնդման մաս, որը ոչ այլ ինչ է, քան արդարադատության մերժում։

Leave a comment